Հայաստանն անկլավներ չի խոստացել, սակայն հայտարարել է 1974-1975 թվականների քարտեզներով սահմանազատման եւ սահմանագծման պատրաստակամության մասին։ Դրա մասին նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նա նշել է, որ 1974-1975 թվականների քարտեզներով Տավուշի մարզի 7-8 վարելահողերը Ադրբեջանի վերահսկողության տակ են: Ըստ Պապոյանի՝ քննարկվում են սահմանազատման մի քանի տարբերակներ, սակայն հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի տարածքը պետք է պահպանվի 29.8 քառ. կմ։ ՔՊ խմբակցության պատգամավորը շեշտել է, որ խաղաղության պայմանագրում չպետք է լինեն ռումբեր պարունակող դրույթներ։
«Պետք է կնքվի այնպիսի պայմանագիր, որը չպետք է առաջացնի նոր խնդիրներ եւ նոր պատերազմի հավանականություն: Հենց դրանով է պայմանավորված գործընթացի երկարելը»,- հայտարարել է Պապոյանը։ Ավելի վաղ անդրադառնալով բեռնափոխադրումների համար Վերին Լարսին Ադրբեջանի տարածքի այլընտրանք լինելուն՝ պատգամավորը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ-ին ավելի ձեռնտու են, քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ ու ավելի հարմար է։ Սակայն առանց խաղաղության պայմանագրի դա իրատեսական չի համարում։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը, «ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ օրս օկուպացված են»: