Գյումրու սննդի կետերում, սպասարկման սրահներում եւ հատկապես սրճարաններում գների բարձրացման մրցավազքը թափ է հավաքում: Թանկացումների նոր ալիքի մասին էլ կանխատեսումները լավատեսական չեն. դիմացը ձմեռ է, Գյումրին՝ ցուրտ, ջեռուցման ծախսերը՝ մեծ:
Ինչի՞ հիման վրա են տնտեսվարողներն ամեն օր գնացանկում նոր ու ավելի մեծ թվեր «նկարում»՝ առանց սերվիս եւ որակ բարձրացնելու: Պատասխանը պարզ է. Գյումրին վերջին տարիներին զբոսաշրջային քաղաք դարձավ, բացի այդ՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսք եղավ դեպի Հայաստանի երկրորդ քաղաք:
Իրավիճակից օգտվելով՝ սպասարկման սրահները զբոսաշրջիկին սկսեցին նայել որպես «քսակի»՝ անտեսելով տեղի հաճախորդին ու նրա հնարավորությունները: Հետեւանքը երկար սպասեցնել չտվեց. այս տարի, նախորդի համեմատ, կտրուկ նվազել է զբոսաշրջիկների թիվը՝ մինչեւ 40 տոկոսով: Սա վկայում են հարկային մուտքերը:
Որ պարենային ապրանքների, խմիչքի գներն, իսկապես, օր օրի թանկանում են, փաստում է նաեւ Գյումրիում՝ «Վարչապետի ռեստորան» անունով հայտնի «Ֆլորենս» համալիրի տնօրեն Կարեն Հարությունյանը: (2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվել էր Ռուսթավելի փողոցը, որտեղ նաեւ բացվել էր «Ֆլորենս» ռեստորանը):
Երիտասարդ գործարարը, սակայն, նկատել է՝ հաճախ անբարեխիղճ տնտեսվարողներն առիթից օգտվում են: Թանկացնում են այն ապրանքները, որոնց գները շուկայում չեն էլ բարձրացել, կամ չնչին է եղել գնային տատանումը:
«Մարդիկ նույն գումարով այսօր ավելի լավ ու որակով հանգիստ կարող են վայելել արտասահմանում, քան Հայաստանում: Եթե բարձր գին, ուրեմն բարձր որակ, ոչ թե միայն գնային մրցակցություն»,- ասում է եվրոպական երկրների սպասարկման ոլորտի փորձն ուսումնասիրած եւ Գյումրի բերած տնօրենը եւ հավելում, որ գին-որակ հարաբերությունը չպահպանելով՝ երկար ճանապարհ չես գնա: «Գործարարը պետք է հստակ սահմանի, որ այցելուին ավելին տա, քան արժեքն է. փաթեթեներ, զեղչեր, նորույթներ է պետք հրամցնել: Նաեւ տեղի մարդկանց մասին պետք է մտածել»:
Գնաճի ծանր բեռը միայն հաճախորդի ուսերին դնելը գործարարն ազնիվ չի համարում: Ըստ նրա՝ հաճախորդը գործընկեր է, ոչ թե գումարի աղբյուր: «Թանկացումների համատեքստում հարկավոր է նվազեցնել պլանավորած շահույթը, այլապես ամեն անգամ նույն սննդի համար նոր գին վճարող այցելուն չի վերադառնա»:
Որ այցելուն միամիտ չէ, իր գումարն էլ անտեղի չի ծախսի, սրճարանատերերը նկատել են, բայց դեռ հետքայլ չեն անում. գերշահույթի համը դուր է եկել: Գուցե գործարարական հմտությունների եւ կրթության բացակայությունն են պատճառը, որ մարդը հստակ չի պատկերացնում, թե ինչ բիզնես է վարում:
«Չի կարելի մեկ բաժակ սուրճն ու մեկ թխվածքը վաճառել այն գնով, որով բարձրակարգ ռեստորանում կճաշես եւ այդ նույն սուրճն էլ կխմես»,- ասում է Կարեն Հարությունյանն ու կոչ անում, որ հարգեն հաճախորդին եւ հաճախ վերապատրաստեն իրենց անձնակազմին, ժամանակին համահունչ առաջ շարժվեն, նորություն հրամցնեն,-եվրոպական շուկայագիտության փորձն ուսումնասիրել է պետք: Այնտեղ նույնադաս սրճարաններում չի կարող գներն այդքան կտրուկ տարբեր լինել: Մարդը հստակ գիտի՝ ինչ արժի սուրճը, ոչ թե մտքիցդ ինչ գին անցնի, նկարես»:
Մեզանում շատերը չեն ուզում բիզնեսով զբաղվել, առեւտրական լինելով են բավարարվում: Ո՞րն է դրանց տարբերությունը: Կարենն ասում է՝ առեւտրականը մտածում է, թե ինչ անի, որ այսօր շատ ու թանկ վաճառի: Իսկ բիզնեսմենը մտածում է՝ ինչպես վաճառի, որ գնորդը գոհ գնա՝ վերադառնալու հստակ որոշմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԳյումրվա սրճարանատերերի գայլի ախորժակը |
Երիտասարդ գործարարը, սակայն, լավ լուր էլ ունի. իր ղեկավարած թիմը հստակ առաջադրանք էր սահմանել՝ Գյումրիում ձեւավորել ընտանիքով ճաշելու մշակույթ: Այսօր արդեն անցյալում է մնացել այն համոզմունքը, որ ռեստորանում ճաշելը միայն տղամարդու եւ դրսից եկածների «գործ» է: Ձեւավորված մշակույթը չխաթարելու համար գործարարը կրկին կոչ է անում մտածել սոցիալապես անապահով մարզի բնակիչների մասին՝ զսպելով գերշահույթ ստանալու անհագ ցանկությունը:
Որ զբոսաշրջիկների թվի նվազման գործում սննդի, սպասարկման սրահների «ներդրումն» ամենամեծն է, անհերքելի է, բայց այլ գործոններ էլ կան: Մարդիկ ուրախանալու ժամանակ չունեն. պատերազմ, պարտություն, արցախցիների տեղահանություն, կոտրված վիճակ: Հարությունյանն ասում է՝ վաղվա օրը պլանավորելու մասին մարդիկ չեն մտածում. եթե տարիներ առաջ մեկ-երկու ամիս շուտ էին տեղ ամրագրում ծնունդ-կնունքի համար, այսօր դա անում են տվյալ պահին:
Բացի այդ՝ զբոսաշրջիկի ամենասովորական պահանջը բավարարելու համար պայմաններ չկան: «Ամոթ է տուրիստական քաղաքի համար, որ զբոսաշրջիկը ռեստորանի դուռը թակում, խնդրում է օգտվել սանհանգույցից: Տարրական հարմարություն է, որ չկա: Չկան լավ ճանապարհներ, իրազեկող վահանակներ եւ բազմաթիվ այլ հարմարություններ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՔաղցր պտուղը՝ միայն ընտրյալներին |
Գործարարը եւս մեկ կարեւոր դիտարկում է անում. ով հաջողում է բիզնեսում կամ իր ոլորտում, ցածր եկամտի պատճառով հեռանում է քաղաքից: Դրսում նման մասնագետներին գրկաբաց ու լայն բացված դրամապանակով են սպասում: «Նվիրյալ պետք է լինես, որ քաղաքում մնաս, այլապես կարողունակները գնում են քաղաքից՝ ոլորտը թողնելով միջակներին, ինչի հետեւանքով ունենք այն, ինչ ունենք»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։