«Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին եւ մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները»,- հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՊԵԿ-ի նախաձեռնությամբ իրազեկման հանդիպում է տեղի ունեցել պահեստների տերերի, ինչպես նաեւ փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Փոփոխությունների արդյունքում նոր եւ արդիականացված պահեստներում կապահովվի ապրանքների առավել անվտանգ եւ կանոնակարգված պահպանություն: Որոշակի դյուրություններ են նախատեսվել նաեւ փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնողների համար:
Ապրանքների ներմուծումից մինչեւ բացթողում շղթան ամբողջապես թվայնացնելու նպատակով ՊԵԿ-ը նախատեսել է պահեստներում ապրանքի շարժի էլեկտրոնային հետագծելիություն։ Մաքսային գործառույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։
Միջազգային չափանիշներին համահունչ եւ ժամանակակից գործիքակազմով արդիականացված պահեստներում էապես կհեշտացվի ամբողջ գործընթացը՝ արմատավորելով արտաքին տնտեսական գործունեության սպասարկման նոր մշակույթ: