Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նոյեմբերի 8-ին Ադրբեջանն անցկացրել է, այսպես կոչված, «հաղթանակի զորահանդեսը»։
Ելույթ ունենալով հավաքվածների առջեւ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «պատմական իրադարձություն» է անվանել Ստեփանակերտում ադրբեջանական զինված ուժերի զորահանդեսի անցկացումը։ Միաժամանակ նա նշել է, որ ինչպես քսան տարի առաջ՝ իր նախագահական առաջին ժամկետի սկզբին, այնպես էլ հինգ տարի առաջ՝ Բաքվի «Ազադլըղ» հրապարակում անցկացված զորահանդեսին ունեցած իր ելույթներում խոստացել է, որ «կգա այն օրը, երբ մենք կբարձրացնենք Ադրբեջանի պետական դրոշն ամենուր»։
Ալիեւն անդրադարձ է կատարել նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման՝ անցած բանակցություններին: «Բանակցային գործընթացին ներգրավված որոշ արտաքին ուժեր իրականում փորձել են սառեցնել իրավիճակը։ Բայց ես բազմիցս ասել եմ, այդ թվում նաեւ Հայաստանի ղեկավարությանը, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի համակերպվի այս իրավիճակին։ Նրանք ինձ չեն լսել, եւ ահա այսօր կանգնած ենք այստեղ ու զորահանդես ենք անցկացնում»,- նշել է նա։
«Շուշիի հաղթական օպերացիայից հետո թշնամին կապիտուլացվեց, եւ մենք կանգնեցրինք պատերազմը։ Այդ օրերին մեր զորքերը այստեղից մի քայլի հեռավորության վրա էին։ Շուշիի օպերացիայից հետո պատերազմի ավարտը մեր կողմից գիտակցված քայլ էր։ Այն փաստը, որ մենք այսօր՝ այս հրապարակում, զորահանդես ենք անցկացնում, կրկին ցույց է տալիս, թե ինչքան ողջամիտ էր Շուշիից հետո պատերազմի դադարեցումը։ Դա մեզ թույլ տվեց առանց մի կրակոցի հետ ստանալ Աղդամի, Քելբաջարի եւ Լաչինի շրջանները։ Եվ դա մեր զինված ուժերի շնորհիվ էր, որոնց զորությունը տեսնելով՝ Հայաստանը համաձայնեց վերադարձնել մեր տարածքները»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Հետպատերազմյան իրողությունների մասին Ադրբեջանի ղեկավարը մասնավորապես ասել է․ «Պատերազմից հետո մենք ոչ մի օր կանգ չենք առել, արագացրել ենք բանակաշինության տեմպերը՝ ոչ ոքից դա չթաքցնելով։ Դրան զուգահեռ, վերահսկողություն ենք սահմանել հայ-ադրբեջանական սահմանի վրա՝ աստիճանաբար բարելավելով մեր դիրքային հնարավորությունները, որոնց շնորհիվ ներկայում Հայաստանի նկատմամբ ունենք ռազմավարական մեծ առավելություն։
Մենք գիտեինք, որ Հայաստանի թիկունքում գտնվող արտաքին մի շարք ուժեր հրահրում են տարբեր տեսակի սադրանքներ, եւ դա է՛լ ավելի անհրաժեշտ էր դարձնում պաշտպանել մեր սահմանները։ Արդյունքում՝ մի քանի ռազմական գործողություններ անցկացնելուց հետո, հայ-ադրբեջանական սահմանագծի օպերատիվ իրադրությունը լիարժեք մեր զորքերի վերահսկողության տակ է։ Մասնավորապես՝ Փառուխի, Սարիբաբայի ռազմագործողությունները ոչ միայն ամրապնդել են մեր դիրքերը, այլեւ ուղերձ են Հայաստանին առ այն, որ ոչ մի բան չի կարող կանգնեցնել Ադրբեջանին, եթե մենք վարում ենք արդար պայքար։
Սեպտեմբերի 20-ից Ադրբեջանը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Այսօր եւ ընդմիշտ Ադրբեջանում անջատողականության որեւէ դրսեւորում չի կարող լինել։ Այսօր մենք լիովին վերահսկում ենք մեր տարածքը, եւ դա զինված ուժերի անօրինակ սխրանքների պատճառով առաջացած իրավիճակն է։ Մենք հիմա պատրաստ ենք բոլոր հարեւանների հետ խաղաղ կացության, եւ այսօր Հայաստանը եզակի հնարավորություն ունի նորմալ փոխհարաբերություններ հաստատելու իր հարեւան Ադրբեջանի հետ»,- շեշտել է Ադրբեջանի ղեկավարն իր ելույթում։