Ամերիկյան Citigroup Inc․ բանկը ամերիկահայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար խոշոր տուգանք կվճարի: Խոսքը Գլենդել քաղաքի (Կալիֆոռնիա նահանգ) շրջանում Citi բանկի ստորաբաժանումների մասին է, որտեղ բնակվում է ամերիկահայերի մոտ 15 տոկոսը։
Ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության բյուրոյի (CFPB) տվյալներով՝ 2015-2021 թվականներին Citi բանկը մերժել էր վարկային քարտեր տրամադրել այն վարկառուներին, որոնց բանկի աշխատակիցները հայտատուների ազգանունների հիման վրա ներկայացնում էին իբրեւ հայկական ծագում ունեցող ամերիկացիների։
Ըստ CFPB գերատեսչության տնօրեն Ռոհիտ Չոպրայի՝ Citi բանկը միտումնավոր խտրականություն է դրսեւորել հայկական ծագում ունեցող հայտատուների նկատմամբ՝ որպես կանոն հիմնվելով նրանց ազգանունների արտասանության վրա։ «Բանկը հայերին կարծրատիպերով ներկայացնում էր իբրեւ հանցագործությունների եւ խարդախությունների հակված անձանց։ Իրականում Citi-ն խտրականությունը քողարկելու համար փաստաթղթեր է կեղծել»,- հայտարարել է Չոպրան։ Ընդ որում՝ City բանկի ղեկավարները աշխատակիցներից պահանջել են գրավոր կամ ձայնագրվող հեռախոսային խոսակցություններում այդ թեման չքննարկել:
CFPB-ի կարգադրությամբ՝ բանկը խտրականությունից տուժած քաղաքացիներին ստիպված կլինի վճարել 24,5 միլիոն դոլար տուգանք, ինչպես նաեւ 1,4 միլիոն դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: