ՀՀ Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը եւ տրամադրման կարգը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ առաջարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցություն՝ նոյեմբեր-դեկտեմբերի համար 50-հազարական դրամի չափով՝ առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով:
Ըստ նախարարի՝ միջոցառման շահառու կլինեն 100 հազար դրամ ստացած սոցիալական աջակցության շահառուները՝ որոշ բացառություններով: Մասնավորապես՝ շահառու չեն դառնա նոյեմբերի 15-ի դրությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող եւ իրենց բանկային հաշիվներում 2 միլիոն դրամից ավելի գումար ունեցող անձինք: Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների կամ երեխաների, այլ այն անձանց մասին է, որոնք ունեն այդ դրամական միջոցները: Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացող անձինք: Ծրագրից չեն կարող օգտվել մինչեւ տեղահանումը Հայաստանում հաշվառվածները: Ծրագրից օգտվողը կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու հնարավորություն:
Դրամական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել մեկանգամյա էլեկտրոնային դիմում: Դիմումները կընդունվեն եկող շաբաթվանից: Դիմումներ ներկայացնելու ընթացակարգը նույնպես կներկայացվի առաջիկա օրերին: «Վճարումները կկատարվեն անկանխիկ եղանակով: Այս նպատակով հարկ կլինի պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 10 միլիարդ դրամ»,- ընդգծել է նախարարը: