Տեսակոնֆերանսի եւ Zoom-ի հանկարծակի բումը նոր հնարավորություններ է ստեղծել ցանցային համաժամանակյա սոցիալականության, ինչպես աշխատանքի, այնպես էլ կրթության կազմակերպման համար։ Դրանք վերակազմակերպել են մեր միջեւ հաղորդակցության ձեւերը, իսկ արվեստի, մշակութային արդյունաբերության եւ իրավունքների իրացման համար ստեղծել նոր միջավայրեր։
Այս ամենն ազդում է նաեւ հյուրընկալության՝ փախստականներին, ներգաղթյալներին, անտուններին, տեղահանվածներին բնակեցնելու եւ նրանց մասին հոգ տանելու մեր պատկերացումների վրա, որոնք արդեն երկար ժամանակ կարեւոր տեղ են գրավում նաեւ ակադեմիական, մշակութային եւ հանրային ոլորտներում։
Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, արվեստաբան եւ համադրող Իրինա Արիստարխովայի «Ձերբակալված ողջույն․ հյուրընկալությունը ժամանակակից արվեստում» գիրքն արվեստի այն գործերի, իրադրությունների եւ հանդիպումների մասին է, որոնք մտածել են տալիս հյուրընկալության ժամանակակից հնարավորությունների եւ դրսեւորումների մասին։
Իրինա Արիստարխովայի գիրքը մի կողմից հյուրընկալության՝ որպես իրադրության ֆորմալացման դեմ է, այն ամենի դեմ, ինչը հանգեցնում է հյուրընկալության՝ դիմացինի նկատմամբ անտարբեր հանդուրժողականության, մյուս կողմից՝ անընդհատ հիշեցնում է այս երեւույթի ժանրային գրված եւ չգրված օրենքների մասին՝ մեկ ուրիշին այդպիսին երեւալու (հագուստ, ձայնի տոն, ժեստեր, շարժումներ, ողջունելու ձեւ) տեսանկյունից։
Հյուրընկալությունն աշխարհում գոյություն ունեցող սոցիալական, սեռային եւ այլ անհավասարությունների դեմ գլխավոր դեղ չհամարելով հանդերձ՝ այս գիրքը հյուրընկալության ներկա պատկերացումները հարցադրելու եւ վիճարկելու նպատակ ունի, պատկերացումներ, որոնք այն իջեցրել են չափավոր խտրականությունների շրջանակում իրացվող անտարբեր հանդուրժողականության մակարդակի։ Փոխարենը գիրքն առաջարկում է իշխանության հետ հյուրընկալության սերտ կապը գիտակցող տարբեր ճանապարհներ։
Արվեստում ընդունելության, ողջույնի, հյուրընկալության նոր ձեւերի փնտրտուքի մեջ գիրքն անդրադառնում է այն արվեստագետների գործունեությանը, որոնց գործերում հյուրընկալությունը պատահական կամ կողմնակի թեմա չէ, այլ հաստատուն եւ կրկնվող հետաքրքրություն (Անա Պրվաչկի, Ֆեյթ Վիլդինգ, Լի Մինգվեյ, Քեթի Հայ, Միթու Սեն, Պիպպա Բաքքա, Սիլվիա Մորո, Քեն Ափթեքար), եւ փորձում ցույց տալ, թե ինչպես են արվեստագետներն ու իրենց գործերը հարաբերվում մշակույթում եւ փիլիսոփայական տեսություններում շրջանառվող հյուրընկալության մասին իդեաների հետ։
Որպես հյուրընկալությունը հետազոտող արվեստաբան՝ Արիստարխովան փիլիսոփայական տեսությունների միջոցով հյուրընկալությունը բերում է ինտելեկտուալ բանավեճերի տիրույթ` այդպիսով արձագանքելով նաեւ փախստականների՝ աշխարհում տիրող ճգնաժամին։
Միշտ էլ հակասական եւ վիճահարույց են հյուրընկալության գործիքակազմերը, եւ էթիկետի կամ բարեկրթության էլեմենտներին վարժվելու անհարմարությունը չի թուլանում, երբ տեղափոխվում է արվեստի դաշտ։ Սերբ արվեստագետ Անա Պրվաչկու «Ողջունող հանձնաժողովի զեկույցները» (The Greeting Committee Reports, 2011-2012) գործը հարցադրում է հյուրընկալությունը դրա կարեւոր եւ հակասական էլեմենտների՝ էթիկետի եւ բարեկրթության միջոցով։
Անա Պրվաչկին էթիկետի պրոֆեսիոնալ խորհրդատուների օգնությամբ իր գործի ցուցադրության մասնակիցներին սովորեցնում է վարվելակերպի կանոններ՝ ինչպես արձագանքել անսովոր եւ անհարմար իրավիճակներին։ Գործի մաս կազմող հանրային տեսանյութերից մեկում Պրվաչկին եւ էթիկետի մարզիչ Վարդուհի Քեշիշյանը խոսում են այն մասին, թե ինչքան անձնական տարածք է պետք տրամադրել եւ զբաղեցնել հանրային վայրերում։
Պրվաչկին մոտենում է հյուրընկալությանը որպես դիզայն-նախագծի եւ բեմադրության, որտեղ ձեռքսեղմումները, մարմնի շարժումները, ողջույնները, հաճոյախոսությունները, ժեստերն ու կարճ երկխոսությունները նոր սոցիալականությամբ աշխարհի էլեմենտներն են, որ օգնում են ուրիշներին՝ զգալու հրավիրված եւ ընդունված:
Մեկ այլ արվեստագետի՝ թայվանցի Լի Մինգվեյի գործերում, որ կրում են ճապոնական եւ չինական վիզուալ մշակույթի ազդեցությունները, բուդդիզմի մշակութային հենքը, շեշտը դրված է հյուրընկալության զգայական, հուզական աշխատանքի եւ ինտիմության վրա՝ արտահայտված անձնական հարաբերությունների եւ առօրյայի մաս կազմող սովորական գործողությունների (նամակագրություն, նվիրատվություն, ընթրիք, ճաշկերույթ, քուն, զրույց) միջոցով վստահության եւ հյուրընկալության կառուցմամբ, որոնք արդեն ներկայացնում են ողջունող, հյուրընկալող տղամարդուն։
Ըստ Արիստարխովայի՝ ամենադժվարը հյուրընկալության մասին պատկերացումներն ու ընկալումները կանացիությունից անջատելն է, որոնց հետ այն սերտորեն կապվում է։ Այս առումով Մինգվեյն իսկապես մարտահրավեր է նետում հյուրընկալության մեջ տղամարդկանց հետ կապված սպասումներին։ Ուսումնասիրելով Լի Մինգվեյի գործերը՝ Իրինա Արիստարխովան հանգում է հետեւյալ հարցին՝ պատրա՞ստ է արդյոք առանձին կինը եւ աշխարհն ընդունել հյուրընկալող տղամարդուն եւ ի՞նչ կարող է նրանից սովորել կամ հասկանալ։
Իր «մասնակցային ինստալացիաներում» Լի Մինգվեյը ստեղծում է այն տարածությունը եւ իրադրությունը, որոնց իր այցելուներն ուզում են մասնակցել («Ընթրիքի նախագիծ», 1997/2020, «Քնի նախագիծ», «Հյուրասենյակ», 2000)։ Չնայած ինստալացիաների բեմադրությանը՝ դրանցում ինտիմությունը ստեղծվում է առանձին հյուրի եւ հյուրասիրության վրա կենտրոնացմամբ՝ ամեն անգամ մեկ մարդու հրավիրելով։
Լին իր գործերի բոլոր մասնակիցների դեպքում ուշադրություն է դարձնում հյուրընկալության էսթետիկ կողմի վրա՝ մատուցելով գեղեցիկ ուտեստներ, հագնելով հատուկ հագուստ, ամեն անգամ կատարելագործելով մատուցվող ընթրիքի բաղադրիչները, մեծ ուշադրություն դարձնելով օգտագործվող տեքստիլի որակին, լուսավորությանը եւ այլն։ Մինգվեյն իրեն սիրում է անվանել սոցիալական կոնցեպտուալիստ, որը ստեղծում է ինստալացիաներ թանգարանների, պատկերասրահների, առանձին մարդկանց եւ վայրերի համար։
«Ձերբակալված ողջույն» գրքում ինձ համար ամենակարեւոր եզրահանգումներից մեկն այն է, որ հեղինակը տարբերակելով հանդերձ չի հակադրում ինստիտուցիոնալ եւ անհատական հյուրընկալությունները՝ իրենց օգտակար ազդեցությունների իմաստով։ Խնդրահարույց եւ միամիտ է կարծել, որ եթե հյուրընկալությունն ուսումնասիրվում կամ իրագործվում է անհատական մակարդակում, այն չի կարող ունենալ ազդեցություններ անձնական տարածություններից դուրս։
Մյուսը գրքի՝ հատկապես մեջտեղում արծարծվող ռադիկալ հյուրընկալության ընկալումն է, որն արտահայտվում է հարմարավետ, հարթ ընթացող հյուրընկալության՝ լավագույնը լինելու հարցադրմամբ, վերջինիս բացասական կամ չնախատեսված արդյունքներում հնարավորություն տեսնելու կարողությամբ։ Բացի հյուրընկալության՝ ֆեմինիստական եւ այլ օրակարգերի հետ կապը ցույց տալուց, հյուրընկալության փիլիսոփայական հենքին (Էմանուել Լեվինաս եւ Ժակ Դերիդա) անդրադառնալուց՝ գիրքը նաեւ այն վախերի ու անհանգստությունների մասին է, որոնք անընդհատ ուղեկցում են հյուրընկալության իրադրություններին եւ ժամանակակից փորձառություններին՝ ռեսուրսների չնախատեսված կորուստ, անձնական անվտանգության, վախի եւ վստահության հարցեր։
Ռադիկալ հյուրընկալության մաս են նաեւ Իրինայի գրքի այն ամենաընթերցվող էջերը, որ վերաբերում են բիոարվեստին, կենդանու հյուրընկալությանը, մարդ-կենդանի հարաբերությանը, նրանց տարբերությանը եւ միաժամանակ տարբեր չլինելուն, կենդանիների նկատմամբ մարդկային հյուրընկալության սահմանափակումներին՝ ամերիկացի արվեստագետ Կեթի Հայի «Գրկելով կենդանուն» եւ այլ գործերի օրինակով։
Դրանք ցույց են տալիս՝ ինչպես է փոխվում արվեստի եւ ակադեմիական շրջանակների վերաբերմունքը կենդանիների հյուրընկալությանը, եւ ինչպես է կենդանին մարդկանց միջեւ հյուրընկալության ծեսերում կարեւոր օբյեկտից դառնում հյուրընկալության սուբյեկտ, եւ ինչ է նշանակում ներառել կամ բացառել կենդանիներին հյուրընկալության մասին մեր իդեաներից։
Գրքի հեղինակը նաեւ վերլուծում է, թե ինչպես են Կեթի Հայի գործերն իրեն ոգեշնչել՝ հաշվի առնելու ջայնիզմի փիլիսոփայական եւ էթիկական ավանդույթը, որտեղ ընգծվում է կենդանիների կյանքին չմիջամտելու կարեւորությունը՝ ընդհուպ մինչեւ նրանց բոլորովին ազատ կամ մենակ թողնելը՝ որպես հյուրընկալության բացարձակ դրսեւորում։
Իրինա Արիստարխովան ծնվել է Մոսկվայում (1969): Մոսկվայի պետական համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն եւ սոցիոլոգիա։ 2012-ից Միչիգանի համալսարանի (Էնն Արբոր) Արվեստի եւ դիզայնի Պեննի Սթեմփս դպրոցի պրոֆեսոր է։ Գրում եւ դասախոսում է հյուրընկալության, համեմատական ֆեմինիստական տեսության եւ ժամանակակից էսթետիկայի, նոր մեդիաների եւ տեխնոլոգիաների առնչության թեմաներով։
Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։