Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նոյեմբերի 9-ի ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է՝ Մոսկվայում սպասում են, որ հաջորդ տարի Թուրքիայում անցկացվելիք 3+3 ձեւաչափի տարածաշրջանային հանդիպմանը կքննարկվեն նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Վստահ ենք, որ այդ ձեւաչափում պաշտոնական Երեւանի կառուցողական առաջարկները պահանջված կլինեն»,- նշել է խոսնակը։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ «Երեւանի նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին քննարկվող եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան խմբի աշխատանքներին, որոնք տարվում են փոխվարչապետների համատեղ նախագահությամբ»։ Նա նշել է, որ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Ըստ նրա՝ ահռելի աշխատանք է կատարվել տարածաշրջանի լոգիստիկ ենթակառուցվածքների գնահատման, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների օպտիմալ տարբերակների ընտրության համար։
«Ցավոք, վերջակետ չենք կարողանում դնել․ ինչ–որ մեկի քաղաքական կամքը չի բավարարում դա անել, եւ դա մենք չենք»,- նշել է ԱԳՆ խոսնակը։ Նա պատրաստակամություն է հայտնել եռակողմ համաձայնությունների շրջանակում կատարելու պարտավորությունները, որտեղ հստակ նշված են ՌԴ պարտականությունները։
«Պատասխանելով Հայաստանի ԱԱԾ-ում ստեղծված միավորի վերաբերյալ հարցին՝ նշեմ, որ ըստ եռակողմ համաձայնությունների՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը»,- շեշտել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։