ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է նոյեմբերի 9-ից օրական 4 ժամով դադարեցնել գործողությունները Գազայի հյուսիսում:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ դադարները մարդկանց հնարավորություն կտան դուրս փախչելու երկու հումանիտար միջանցքներով: Նա սա որակել է որպես կարեւոր առաջին քայլ:
«Իսրայելցիները մեզ ասել են, որ դադարի ընթացքում այդ տարածքներում ռազմական գործողություններ չեն լինի»,- շեշտել է ազգային անվտանգության հարցերով խոսնակը:
Քիրբին հավելել է, որ դադարների գաղափարն ի հայտ է եկել վերջին օրերին ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտոնյաների միջեւ քննարկումների, դրանց թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բանակցությունների ընթացքում: Դադարի մասին պետք է հաղորդվի 3 ժամ առաջ:
Ավելի ուշ Պաղեստինի տարածքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն Գազայի հյուսիսում մարտերում ամեն օր մարդասիրական դադար տալու Իսրայելի որոշումը «շատ ցինիկ եւ դաժան» է անվանել: