ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության եւ ավտոտրանսպորտի երթեւեկության անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Լաչինի միջանցքով պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրման աշխատանքները:
Հայտարարության մեջ նշված է, որ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամեն օր պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում:
Ծառայության նպատակն է վերահսկել հրադադարի մասին համաձայնագրի կատարումը, հավաքել տեղեկություններ, ստուգել տեղանքի այն հատվածները, որոնք դիտակետերից չեն դիտվել, ցուցադրել խաղաղապահ զորակազմի ներկայությունը:
Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը հայտնել է, որ ստորաբաժանումն ամենօրյա ռեժիմով պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում՝ վերահսկելով մոտ 50 կիլոմետր ճանապարհ:
Կուզմինն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, համաձայնագրերին համապատասխան, վերահսկում է ոչ միայն Ստեփանակերտ քաղաքը Հայաստանի հետ կապող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, այլեւ դրա մերձակայքը՝ մինչեւ 5 կմ լայնությամբ:
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն` ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: