ՀՀ կենտրոնական բանկն Արցախից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում եւ փոխանցում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Ըստ «Արմենպրես»-ի՝ դրա մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ շահառուներից ոմանք 100 հազար դրամը դեռ չեն ստացել, քանի որ քարտերի եւ դրանց տվյալների առնչությամբ խնդիրներ են առաջանում, եւ բանկերը գումարները հետ են ուղարկում:
Կենտրոնական բանկից բնական են համարում, որ նման ծավալի տեղեկության մշակման, ճշգրտման եւ փոխանցման ընթացքում տեխնիկական վրիպակներ են լինում, որոնք հնարավորինս արագ լուծում են ներգրավված կառույցների մասնագետները:
«Եթե շահառուն (բացի այն քարտից, որին գումար փոխանցելու խնդիր է առաջացել) ունի այլ քարտ, ապա գումարը փոխանցվում է այդ քարտին: Եթե չունի այլ քարտ, ապա անհրաժեշտ է դիմել բանկ՝ նոր քարտ ստանալու համար, որից հետո գումարը կփոխանցվի նոր թողարկված քարտին: Լրացուցիչ բոլոր պարզաբանումների համար անհրաժեշտ է դիմել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը»,- նշել են Կենտրոնական բանկից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանել են, որ փոխանցումը կատարվում է այն հաշվեհամարին, որը Կենտրոնական բանկից տրամադրվում է նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը։
Նախարարության ներկայացուցիչ Զառա Մանուչարյանը նշել է, որ եթե քաղաքացին բանկին առնչվող իր խնդիրը լուծել է, նախարարությանն է փոխանցվում նրա նոր հաշվեհամարը, եւ փոխանցումն արվում է։ «100-հազարական դրամի ծրագրի շրջանակում փոխանցումներն ամենշաբաթյա պարբերականությամբ են արվում, հիմնականում ուրբաթ օրերին»,-պարզաբանել է նա եւ հավելել, որ 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարման է ուղարկված 104 հազար 200 անձի տվյալ: Նրանցից 75 հազար 725-ը չափահաս են, 28 հազար 475-ը՝ անչափահաս։