«2023 թվականի սեպտեմբերի 27-ին դպրոցահասակ երկու երեխաներիս, սկեսուրիս ու սկեսրայրիս հետ տեղահանվեցի Ստեփանակերտից, հաստատվեցինք Գյումրիում։ Ամուսինս մարտական գործողությունների ընթացքում ոտքի վնասվածք էր ստացել եւ սեպտեմբերի 26-ին էր տեղափոխվել Երեւան»,- պատմում է արցախցի Կարինե Գաբրիելյանը։
Երեխաներից մեկը յոթ տարեկան է, մյուսը՝ ինը։ Մեծ դժվարությամբ են հարմարվում նոր միջավայրին, դպրոցին։ Միշտ խոսում են Արցախի մասին։ Նրանց երազանքը հիմա Արցախ վերադառնալն է։
Կարինեի ամուսնուն Երեւանում վիրահատել են։ Հիմա նրան տանն են խնամում։ Գյումրիում երեխաներից մեկն առաջին հերթափոխով է դպրոց հաճախում, մյուսը՝ երկրորդ, ուստի Կարինեն դեռ չի կարող աշխատանքի անցնել, քանի որ պիտի երեխաներին դպրոց ուղեկցի, ամուսնուն խնամի։ Բայց շատ կուզեր ունենալ այնպիսի աշխատանք, որը հնարավոր կլիներ տանն անել։
Ընտանիքում միայն ամուսնու հայրն է աշխատում։ Երեկ է աշխատանքի անցել։ Թոշակառու է, սեպտեմբերի կենսաթոշակն է ստացել, հոկտեմբերինը դեռ չեն տվել, երկու անգամ էլ պետությունից են աջակցություն ստացել՝ 50-հազարական եւ 100-հազարական դրամ։
Կարինեն 2019 թվականին փոքր բիզնես էր սկսել Ստեփանակերտում․ հերակալներ էր կարում, պատվերներ միշտ ունենում էր, երբեմն նաեւ՝ մեծաքանակ։
«Մասնագիտությամբ մանկաբարձուհի եմ, 8 տարի աշխատել եմ Ստեփանակերտի ծննդատանը։ 2019 թվականին դուրս եկա աշխատանքից, հետո հիմնեցի իմ փոքրիկ բիզնեսը։ Իհարկե, ամեն ամիս իմ վաստակած գումարի չափը տարբեր էր լինում՝ ստացած պատվերների քանակից կախված, բայց դժգոհ չէի, աշխատանք կար»,- պատմում է Կարինեն։
Արցախից տեղահանվելիս միայն մի քանի հագուստ է կարողացել վերցնել։ Կարի մեքենան եւ անհրաժեշտ մյուս պարագաները մնացել են Ստեփանակերտում։
«Եթե կարի մեքենա եւ անհրաժեշտ մյուս միջոցներն ունենայի, սիրով կշարունակեի հերակալներ կարել, օգնել ընտանիքիս։ Հիմա ամուսնուս եմ խնամում, երեխաներին դպրոց ուղեկցում, բայց տանը հաստատ կկարողանամ աշխատել։ Շատ լավ կլիներ, եթե կարողանայի կարի մեքենա եւ անհրաժեշտ մյուս պարագաները ձեռք բերել ու փոքրիկ բիզնեսս վերսկսել»,- եզրափակում է Կարինեն։
Նրանք, ովքեր պատրաստ են աջակցելու Կարինեին, որ վերսկսի իր փոքր բիզնեսը, կարող են կապ հաստատել նրա հետ՝ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարին՝ +374-39․35․75․31։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։