European Conservative պարբերականի՝ նոյեմբերի 9-ի մի ծավալուն հրապարակման կապակցությամբ ադրբեջանական մամուլում առաջացել է հերթական հիստերիան։
Խնդրո առարկա հոդվածը, որտեղ ներկայացվում է, որ «Ադրբեջանը ռմբակոծել է Ղարաբաղի հայկական հիվանդանոցներն ու դպրոցները, իսկ համաշխարհային լրատվամիջոցները լռել են այդ մասին, հեղինակել է ԱՄՆ-ում բնակվող թրքուհի Ուզայ Բուլութը։
Ընդ որում՝ The European Conservative-ի հրապարակումը Ուզայ Բուլութի առաջին հոդվածը չէ, որտեղ նա Ադրբեջանին մեղադրում է Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն եւ էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Բուլութը նման բովանդակության նյութեր է հրապարակում տարբեր հարթակներում, այդ թվում՝ Gatestone ինստիտուտի կայքում, որը, ըստ ադրբեջանական մամուլի, «առնչվում է Միացյալ Նահանգների ծայրահեղ պահպանողական եւ իսլամաֆոբ շրջանակների հետ»։
Ինքը՝ Բուլութը, ավարտել է Մերձավոր Արեւելքի տեխնիկական համալսարանը եւ Անկարայի Բողազիչի համալսարանը։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց ի վեր նա պարբերաբար հրապարակումներ է արել այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Washington Times-ը, Christian Post-ը, Daily Caller-ը եւ Jerusalem Post-ը: Հայտնի է նաեւ, որ Բուլութը մասնագիտացման դասընթաց է անցել Woodman-Sheller Միջազգային հետազոտությունների իսրայելական կենտրոնում, որը գործում է հարավային Իսրայելի Բեերշեւա քաղաքի Բեն-Հուրիոն համալսարանի համակարգում։
Բուլութը վաղուց ունի Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ քննադատական մոտեցում։ Նա, մասնավորապես, մեղադրել է Օսմանյան կայսրությանը՝ 1915 թվականին հայերի ցեղասպանություն իրագործելու համար, Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում քրդական ՔԲԿ-ի դեմ թուրքական բանակի գործողությունները որակել է որպես քրդերի էթնիկ զտում, ինչպես նաեւ մեղադրել Անկարային ԻԼԻՊ-ին աջակցելու եւ ահաբեկչական կազմակերպության զինյալներին թուրքական հիվանդանոցներում բուժելու համար:
Հետագայում Բուլութը սկսել է հետազոտել Լեռնային Ղարաբաղի շուրջը տեղի ունեցող իրադարձությունները։ Օրինակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հրապարակած իր հոդվածներից մեկում նա պնդում էր, որ ԼՂ-ում հայերի ցեղասպանությունը կանխելու համար հրատապ է Արցախի Հանրապետության ճանաչումը։
2023 թվականի օգոստոսին Modern Diplomacy-ում հրապարակած մեկ այլ հոդվածում Ուզայ Բուլութը մեղադրել էր Ադրբեջանին եւ Թուրքիային Արցախը շրջափակելու եւ տեղի հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու համար՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի պատկանել Ադրբեջանին եւ հին հայկական հող է։
Ինչպես եւ սպասվում էր, լրագրողի այս կեցվածքը չէր կարող չանհանգստացնել ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո գործող լրատվադաշին, ուստի նրանք հերյուրանքներ են տարածում, թե Բուլութի գործունեությունը «պատվիրված է ԱՄՆ հայկական լոբբիի կողմից», եւ թե, իբր, նա «սերտ կապեր է հաստատել ինչպես հայերի, այնպես էլ հունական սփյուռքի ներկայացուցիչների հետ»։
Ուզայ Բուլութի հոդվածները հաճախակի են հրապարակվում նաեւ Միացյալ Նահանգների Jewish News Syndicate (JNS) կայքում։ Օրինակ՝ այս ռեսուրսի վրա հրապարակված իր վերջին հոդվածում լրագրողը մեղադրել է Թուրքիային հունական փոքրամասնությունների նկատմամբ ձուլման եւ էթնիկ զտումների քաղաքականության համար։ Բուլութը նաեւ պնդում է, որ մուսուլմանները սիստեմատիկորեն խտրականություն են ցուցաբերում հրեաների նկատմամբ եւ նրանց նկատմամբ էթնիկ զտումներ են իրականացնում։
Պատրաստեց Տիգրան Աթանեսյանը