Չինաստանի Պետական վիճակագրական վարչության ղեկավար Նին Ցզիչժեն, ներկայացնելով բնակչության 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները, հայտնել է, որ երկրի բնակչության թիվը հասել է 1 մլրդ 411 միլիոն 780 հազարի: Այսպիսով՝ 2010-ից ի վեր Չինաստանի բնակչությունն ավելացել է 72 միլիոնով կամ 5,38 %-ով:
Միջին հաշվով երկրի բնակչության թվաքանակն այս ժամանակաշրջանում տարեկան աճել է 0,53 %-ով այն դեպքում, երբ 2000-ից մինչեւ 2010-ը միջին տարեկան աճը կազմել է 0,57 %:
Մարդահամարի տվյալներով Չինաստանում ապրում է 723, 3 միլիոն տղամարդ, այսինքն՝ ընդհանուր բնակչության 51,24 %-ը, կանանց թվաքանակը կազմում է 688, 4 միլիոն կամ ընդհանուր բնակչության 48,76 %-ը:
Չինաստանի 16-59 տարեկան աշխատունակ բնակչության թիվը 880 միլիոն է: Ըստ Պետվիճակագրական վարչության ղեկավարի՝ դա նշանակում է, որ Չինաստանում «աշխատանքային ռեսուրսները նախկինի պես հարուստ են»:
Մարդահամարի տվյալներով Չինաստանի բնակչության միջին տարիքը ներկայում կազմում է 38,8:
Երկրի մայրցամաքային մասի 0-14 տարեկան բնակիչների թվաքանակը կազմում է 253,38 միլիոն, 15-59 տարեկաններինը՝ 894,37 միլիոն, 60-ից բարձր տարիք ունեցողներինը՝ 264 միլիոն:
Չինաստանը բնակչության թվաքանակով աշխարհում պահպանում է առաջին տեղը: Նրանից աննշան չափով հետ է մնում Հնդկաստանը (ավելի քան 1,389 միլիարդ մարդ): Երրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է (ավելի քան 331 միլիոն մարդ):