Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրների ցանկում է: 1960-1990 թվականների համեմատ՝ 1,3°C-ով աճել է տարեկան միջին ջերմաստիճանը, եւ 9 %-ով նվազել է տեղումների քանակը: Շատերը կարծում են, որ տարեկան միջին ջերմաստիճանի աճը շոշափելի հետեւանք չունի: Մինչդեռ կլիմայի փոփոխությունն ունի համապարփակ ազդեցություն տարբեր ոլորտների վրա թե՛ գյուղատնտեսության, թե՛ առողջապահության, թե՛ ջրային պաշարների օգտագործման, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ զբոսաշրջության:
Կլիմայի փոփոխության հետեւանքներից է, օրինակ, վտանգավոր բնական երեւույթների ինտենսիվության եւ հաճախականության աճը: Կարկուտը, սողանքը, երաշտը հանգեցնում են գյուղատնտեսական գործունեության անկման, հետեւաբար նաեւ պարենային խնդիրների:
Համայնքների զարգացման ճիշտ ծրագրումն ուղղակիորեն կապված է կլիմայի փոփոխության հետ: Օրինակ՝ ենթակառուցվածքների ստեղծման կամ բարելավման միջոցառումներ իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել սողանքների ռիսկն ու դրանց հնարավոր ակտիվացումն առաջիկա տարիներին, ասֆալտապատման աշխատանքներ նախատեսելիս հաշվի առնել, թե արդյոք տասը տարի անց այդ ասֆալտը կդիմանա կանխատեսվող ավելի բարձր ջերմաստիճանին:
Թվում է, թե Հայաստանում ջրային պաշարների խնդիր չկա, սակայն Հայաստանը ենթակա է ջրի սթրեսի, եւ կան համայնքներ, որտեղ արդեն դիտվում է ջրի անհրաժեշտ քանակի պակաս: Ըստ կանխատեսումների՝ մոտ ապագայում ջրային ռեսուրսների սակավության խնդիրը շարունակաբար սրվելու է, ինչը բացասաբար կանդրադառնա ինչպես սանիտարահիգիենիկ պայմանների, այնպես էլ գյուղատնտեսության եւ անգամ էներգետիկայի ոլորտի արդյունավետության վրա: Օրինակ՝ ՀԷԿ-երը հետագայում հնարավոր է նույն արդյունավետությամբ չաշխատեն, քանի որ գետերում նախապես հաշվարկված ծավալի ջուր չի լինի, կարող է առաջանալ ատոմակայանի աշխատանքի հովացման համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովման խնդիր եւ այլն:
Ինչպես տեղեկացանք «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի հաղորդակցության փորձագետ Գայանե Իգիթյանից, այս եւ այլ հարցերը հաշվի առնելով էլ մայիսի 14-ին կանցկացվի «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորում, որտեղ ոլորտի դերակատարների հետ կքննարկվեն Հայաստանում կլիմայի փոփոխության առկա եւ հնարավոր ազդեցություններն ու դրանց ուղղված հարմարվողականության կիրառելի միջոցառումներն ու առկա լուծումները։
Միջոցառումը կազմակերպվում է «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ եւ երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսական աջակցությամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։
ՀԱԾ-ը աջակցում է կառավարությանը հարմարվողականության ազգային պլանի մշակման հարցում՝ նպատակ ունենալով ապահովելու կլիմայի փոփոխության` խոցելիության եւ հնարավոր հարմարվողականության միջոցառումների ներառումը թե՛ ազգային, թե՛ մարզային ռազմավարություններում եւ զարգացման ծրագրերում:
Գայանե Իգիթյանը նշեց, որ կլիմայի փոփոխության մեղմման դեպքում հիմնական թիրախը արտանետումների նվազեցումն է, որը եւս չափազանց կարեւոր է, եւ Հայաստանն ունի մասնակցություն այդ գործընթացին թե՛ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, թե՛ Փարիզյան համաձայնագրի պարտավորությունների շրջանակներում: Սակայն, ըստ հաշվարկների, եթե անգամ ամբողջ աշխարհում բոլոր արտանետումները դադարեցվեն, կլիմայի փոփոխությունը շարունակվելու է, ու դրա հետեւանքները որոշ ժամանակ իներցիայով շարունակական դրսեւորվելու են: Հետեւաբար կարեւոր է նաեւ հարմարվելն արդեն իսկ տեղի ունեցող փոփոխություններին՝ տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար:
Կայանալիք ֆորումը հետաքրքրական է նրանով, որ ներառում է բիզնես-էքսպոյի բաղադրիչ՝ հնարավորություն տալով բիզնես ոլորտին՝ ներկայացնելու իրենց թեմատիկ արտադրանքն ու ծառայությունները՝ հակակարկտային ցանցեր, ջերմոցային տնտեսության կառուցման ու շահագործման ծառայություններ, կրթական բաղադրիչ պարունակող ծառայություններ եւ այլն:
Հաշվի առնելով, որ հարմարվողականության միջոցառումները պահանջում են նաեւ ֆինանսական ներդրումներ՝ միջոցառման ընթացքում խոսվելու է նաեւ ֆինանսավորման աղբյուրների, կանաչ լուծումների ներդրման ֆինանսական հնարավորությունների, ապահովագրության մասին:
Կարեւոր բաղադրիչ է նաեւ բնահեն լուծումների ցուցադրումը. կներկայացվի, թե ինչպես կարելի է կանխարգելել կամ նվազեցնել բնակլիմայական վտանգավոր երեւույթների հետևանքները՝ բնության օրենքները հաշվի առնելով, ինչ հնարավոր միջազգային փորձ կա, որ կիրառելի է նաեւ Հայաստանում:
Կլիմայի փոփոխության էքսպո-ֆորումը բաց է, կարելի է մասնակցել նաև առցանց, խորհուրդներ ստանալ ոլորտի 40 փորձագետներից, ինչու չէ, կիսվել Հայաստանում կլիմայի փոփոխության մարտահրավերներին հարմարվողականության լուծումների սեփական փորձով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։