Ըստ իրանական «Ֆարս» գործակալության՝ Անկարայում Իրանի դեսպանությունը հերքել է Սիրիայի Դեր Էլ-Զոր նահանգից Եմեն 120 սիրիացի զորախումբ փոխադրելու վերաբերյալ Իրանի իշխանությունների որոշման մասին թուրքական «Անատոլու» գործակալության հայտարարությունը:
«Սույն կեղծ հայտարարությունը հակասում է Եմենի ժողովրդի դեմ անմարդկային ու աղետալի պատերազմի նկատմամբ Իրանի մոտեցմանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ կոչ է արել դադարեցնելու այդ պատերազմը եւ աջակցելու ՄԱԿ-ի՝ քաղաքական լուծում գտնելու ջանքերին»,- ասված է Թուրքիայում Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2015-ի մարտի 25-ին Սաուդյան Արաբիայի զինված ուժերը ներխուժեցին Եմեն պետության տարածք՝ սկիզբ դնելով Արաբական թերակղզում մինչեւ օրս շարունակվող տարածաշրջանային հակամարտությանը:
Հակամարտության պատճառը արաբական երկրների միջամտությունն է Եմենի ներքին քաղաքականությանը։ Սաուդյան Արաբիայի կազմած կոալիցիան, որի մեջ են մտնում նաեւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մյուս անդամները, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, Հորդանանը, Մարոկկոն, Սուդանը եւ Սենեգալը, պայքարում են Եմենի «Անսար Ալլահ» կազմակերպության դեմ, որին մեղադրում են Իսլամական պետության հետ սերտ կապեր ունենալու մեջ։
Հակամարտությունում ներգրավված են նաեւ այլ պետություններ. մի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մյուս կողմից` Իրանի Իսլամական Հանրապետությունը։