Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ընդդիմադիր պատգամավոր դարձած Լեւոն Քոչարյանը, հայտարարել է, որ Արցախի էջը փակված չէ։ Մի պահ պատկերացնենք, որ իսկապես փակված չէ, ու կարելի է վերադարձնել Արցախը։ Քաղաքական ուժի ներկայացուցիչը չի ասում, թե ինչ է նշանակում՝ Արցախի էջը փակված չէ, բայց համարենք, որ այդ մասին գաղափար ունի։ Ինչպե՞ս։
Պարզ է, որ եթե անգամ ինքն իր հոր հետ իշխանության գա, Հայաստանը սեփական ուժերով վայ թե անգամ ուժային ճանապարհով Արցախը վերադարձնելու տարբերակ չունի։ Միակ բանը, որ կարելի է անել, հասնել նրան, որ արցախցիները վերադառնան Ղարաբաղ, ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը ու զբաղվեն հայրենական այդ հողատարածքի ազգապահպանման ծրագրերով (համարենք, որ այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանը խոտ է ուտում ու բացարձակապես կարեւորություն չի տալիս այդ հայապահպանության աշխատանքներին)։
Ի՞նչ է հասկանում պարոն Քոչարյանն՝ ասելով, որ Արցախի էջը փակված չէ, եթե չկա Արցախի Հանրապետությունը, եթե Ղարաբաղի ներկա տարածքը իրավական որեւէ կարգավիճակ ունենալու տարբերակ չունի։
Բայց համարենք, որ տարբերակ կա։ Պարզ է, որ այդ տարբերակին Հայաստանն իր զինված ուժերով հասնել չի կարող։ Գուցե դրան հասնել կարող է դիվանագիտական ճանապարհով։ Ո՞րն է այն պետությունը, որի հետ կարող է աշխատել իշխանությունը վերադարձրած Ռոբերտ Քոչարյանը կամ նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Այդպիսի մի՛ պետություն կա՝ Ռուսաստանը։
Իսկ ի՞նչ է արել Ռուսաստանը Ղարաբաղի համար այն ամբողջ ընթացքում, երբ Հայաստանում իշխանության գլխին էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա որդիները միլիոնավոր դոլարներով բանկային հաշիվներ էին համալրում։
Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ Ղարաբաղի հարցը չլուծվի։ Ռուսաստանը չի ներկայացրել այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Ղարաբաղի հարցը չլուծելու դեպքում, քանզի եթե ներկայացներ (Քոչարյանին նախորդող նախագահը համենայնդեպս դրվագ առ դրվագ էր ներկայացնում այդ վտանգները), Քոչարյանը կգար ու ժողովրդին կասեր, որ հարցը չլուծելով՝ Ղարաբաղի ժողովրդին եւ Արցախի Հանրապետությանը (իրենց Սահմանադրությամբ ամրագրված պետության պաշտոնական անվանումը) կանգնեցնում ենք փաստի առաջ։
Այսօր նրա որդին հայտարարում է, որ Արցախի հարցը փակված չէ։ Բանն այն է, որ Արցախի հարցը փակված է, գուցե փակված չէ Ղարաբաղի հարցը։ Իսկ Ղարաբաղի հարցը փակված չէ հենց դիվանագիտական լուրջ աշխատանքի դեպքում։
Լեւոն Քոչարյանն ասում է վերջին 5 տարում իր միակ քաղաքական ճշգրիտ միտքը, որը գուցե ակամա է ասում. «Այդ գործառույթն (հարցը փակված չպահելու — Մ. Ա.) իշխանությանն է»։ Ու ճիշտ է ասում։ Ճիշտ է ասում ոչ թե այն իմաստով, որ հենց այս իշխանությանն է այդ գործառույթը, այլ որ իր եւ իր հորից բացի ցանկացած այլ իշխանություն կարող է բաց պահել հարցը, եթե Հայաստանը չի դարձնում կոնկրետ մեկ պետության ճորտը։
Ղարաբաղի հարցն իսկապես փակված չէ, եւ դա Հայաստանից դիվանագիտական մեծ ջանքեր է պահանջելու։ Բայց այդ հարցի համար անհրաժեշտ է, որ Ղարաբաղում ապրեն հայեր։ Դե հիմա պատկերացրեք, որ Լեւոն Քոչարյանը հոր ձեռքից բռնած գնա ու ապրի Ղարաբաղում։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: