ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում հորդորել է 50 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների եւ այլ կարիքների համար:
Սմիթը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Թուրքիայի լայն աջակցությամբ ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ մահացան եւ վիրավորվեցին, հազարավոր մարդիկ մնացին անօթեւան, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքներ:
Նա ընդգծել է, որ առնվազն 50 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է անհրաժեշտ տրամադրել Լեռնային Ղարաբաղին սննդի անվտանգության, բնակարանների, բուժօգնության ապահովման եւ ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:
Կոնգրեսականը դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ Ադրբեջան տեղափոխելու եւ նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա ԼՂ-ի դեմ թուրքական կողմի գործողություններին:
Նա նաեւ հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն:
Այսինքն՝ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: