Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Ֆլորանս Պառլին, մեկնաբանելով Ֆրանսիայի պաշտոնաթող գեներալների եւ սպաների՝ նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակը, այն որակել է իբրեւ հասարակության պառակտման փորձ:
Ապրիլի վերջին Valeurs actuelles պարբերականում հրապարակված նամակում Ֆրանսիայի պաշտոնաթող գեներալները եւ սպաները նախագահին զգուշացրել են կրոնական մոլեռանդներից եւ իսլամիստներից եկող քաղաքացիական պատերազմի եւ պետական հեղաշրջման սպառնալիքի մասին՝ Մակրոնին հորդորելով համարժեք քայլեր ձեռնարկել:
«Դժվար է բանավեճի մեջ մտնել մարդկանց հետ, որոնց մասին չգիտենք էլ՝ ովքեր են»,- մեկնաբանել է Պառլին պաշտոնաթող գեներալների նամակը՝ հավելելով, որ այն կոպիտ քաղաքական մանիպուլյացիայով զբաղվելու վկայություն է:
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը նշել է, որ պաշտոնաթող գեներալների եւ սպաների նամակում օգտագործված է ծայրահեղ աջերի հռետորաբանությունը: «Այդ ուղերձի նպատակը ակնհայտ է. մասնատել, պառակտել ազգը հենց այն պահին, երբ առանձնապես անհրաժեշտ են ազգային միաբանությունն ու համերաշխությունը»,- շեշտել է նախարարը:
«Այժմ սանիտարական ճգնաժամի պայմաններում չկա ավելի վատ բան, քան հանրապետության արժեքները խորտակելը»,- նշել է Պառլին:
Նախարարը, նկատի ունենալով կառավարության ահաբեկչության եւ արմատական մահմեդականության դեմ ծավալած պայքարը, ընդգծել է, որ նամակը շոշափել է խնդիրներ, որոնց լուծմամբ կառավարությունը զբաղվում է արդեն չորս տարի: