Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութոնի եւ խմբի անդամների հետ: Ինչպես հաղորդում է ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
Զրուցակիցներն արձանագրել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման դինամիկան եւ այս համատեքստում կարեւորել նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը, ի թիվս այլնի, որպես Հայաստանում ժողովրդավարությանն աջակցության կարեւոր դրսեւորում:
«Հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Նախարարն անդրադարձ է կատարել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներին: Ներկայացրել է նաեւ ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետեւանքով ստեղծված իրավիճակը` շեշտելով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայության կարիքների եւ իրավունքների հասցեագրման խնդիրները: Նշվում է, որ ներկաներն ընդգծել են աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելու կարեւորությունը: