ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կհանդիպեն Սան Ֆրանցիսկոյում. երկու երկրները փորձում են թուլացնել լարվածությունը։ Ըստ The Hill-ի՝ Բայդենը մի քանի հիմնական նպատակներ ունի Սան Ֆրանցիսկոյում կայանալիք հանդիպման համար, այդ թվում՝ վերականգնել զինվորականների միջեւ ուղիղ հաղորդակցությունը:
Օրակարգում է նաեւ Թայվանի զգայուն հարցը, ինչպես նաեւ պատերազմները Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Հանդիպումը, որը տեղի է ունենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում, նշանավորում է Սի Ծինփինի առաջին այցը ԱՄՆ վերջին վեց տարվա ընթացքում։ Բայդենն ու Սին վերջին անգամ հանդիպել են մեկ տարի առաջ Ինդոնեզիայում, սակայն դրանից հետո չեն շփվել: