ՀՀ Ազգային ժողովի Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտնել է, որ Վարդաղբյուր-Տաշիր այլընտրանքային հանրապետական ճանապարհը, որը 30 տարուց ավելի չի շահագործվել, կհիմնանորոգվի եւ իրար կկապի Շիրակի մարզի Աշոցք եւ Լոռու մարզի Տաշիր համայնքները:
Աշոցքից Տաշիր հեռավորությունը կառուցվելիք ճանապարհով 52 կմ է, որի միայն 25 կմ-ն է ենթակա հիմնանորոգման: Իսկ այժմյան շրջանցիկ` Աշոցք-Գյումրի-Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր ճանապարհը 150 կմ է։
Պատգամավորը նշել է, որ բարձր է տվյալ ճանապարհահատվածի ստրատեգիական կարեւորությունը, որն անցնում է Երեւան-Գյումրի-Վարդաղբյուր-Տաշիր-Թբիլիսի միջպետական հատվածով: Այն ուղիղ ելք է համարվում Գոգավան մաքսակետով դեպի Վրաստանի Հանրապետություն։
Կարեն Սարուխանյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վարդաղբյուր-Տաշիր-(Մ-5) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի՝ ՀՀ տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքների հնարավորության եւ նպատակահարմարության վերաբերյալ։
Արդեն ձեռքի տակ ունի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` հարցի վերաբերյալ պատասխան գրությունը, ըստ որի՝ նախաձեռնել են Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհահատվածի Վարդաղբյուր-Մուսայելյան 5 կմ հատվածի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի պատրաստման եւ ծախսերի գնահատման գործընթաց: Մնացած հատվածի նախագծման գործընթացն էլ կիրականացվի 2024 թվականին՝ պետական նշանակություն ունեցող ավտոճանապարհների հիմնանորոգման համար տրամադրվող ֆինանսական միջոցներով: