Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ իսպանացի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ նշված է, որ պատգամավորները «Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջեւ։
Օրեր առաջ էլ Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միավորված՝ կարող ենք» (Unidas Podemos) կուսակցության պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն էր Ադբեջանին կոչ արել ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին։ «Ադրբեջանը հայ ժողովրդին պետք է անհապաղ վերադարձնի բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող շարունակել ոտնահարել հայ ժողովրդի իրավունքները։ Բոլոր ռազմագերիները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ»,- ըստ Իսպանիայում ՀՀ դեսպանության՝ ընդգծել է իսպանացի պատգամավորը։
Անցած շաբաթ Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավոր եւ Սենատի 13 անդամ, ինչպես նաեւ տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների եւ քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամ Իսպանիայի կառավարությանը հորդորել են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։
Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմի օրերին` 2020-ի հոկտեմբերին, Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավոր եւ 15 սենատոր Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն էին տարածել` միջազգային հանրությանը հորդորելով Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։