Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար 2024-ի առաջին եռամսյակում եւս կնախատեսվեն բնակարանի վարձակալության եւ կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումներ: Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ դրա մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը նշել է, որ թոշակների եւ նպաստների գծով նախատեսված ծախսերը հավելյալ 30 միլիարդ դրամ կպահանջեն։ Ըստ նրա՝ կնախատեսվեն նաեւ կրթության եւ առողջապահության գծով հավելյալ ծախսեր։
«Բնակարանային եւ աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերն այս պահին չեն պլանավորվի բյուջեով, որովհետեւ դրանց մշակումը եւ հաստատումը կարող են տեղի ունենալ դեկտեմբերի վերջին։ Այնուամենայնիվ, զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերի պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- հավելել է Հովհաննիսյանը։