Նոյեմբերի 15-ի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք: Սրա մասին հայտնել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում զգալիորեն նվազել է հյուրանոցներում եւ հյուրատներում տեղավորված անձանց թիվը՝ 591-ից հասնելով 14-ի:
Կացության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում՝ հիվանդանոց, դպրոց եւ այլ տարածքներ, հաստատվել է 67 քաղաքացի:
Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 687 արցախցի աշակերտ, իսկ բուհերում՝ 45 ուսանող:
Մարզի 24 բուժհաստատություններում հաշվառվել, դեղորայք է ստացել, ստացիոնար բուժման եւ լաբորատոր-գործիքային հետազոտության է ուղեգրվել բռնի տեղահանված 2479 քաղաքացի: Մինչեւ օրս 5 երեխա է ծնվել, շուտով լույս աշխարհ կգան եւս 23-ը:
Շիրակի մարզում հաստատված արցախահայերի զբաղվածության վերաբերյալ Աննա Մարտիկյանը հայտնեց, որ մարզի բուժհաստատություններում աշխատանքի է ընդունվել 5 բուժաշխատող, եւս 2-ն անցնում են փորձաշրջան։ Նույնքան մարդ էլ կրթական հաստատություններում են աշխատանք գտել, սակայն հայտ ներկայացրել էր 32 քաղաքացի, նրանց տվյալներն ուղարկվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
Այլ ոլորտներում ժամանակավոր եւ մշտական աշխատանքի է տեղավորվել 62 արցախահայ:
Պետական աջակցության մասին էլ Շիրակի մարզպետի տեղակալն ասաց, որ Կառավարության 4 որոշումներով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 170 միլիոն դրամ, որից 80 միլիոնը՝ հյուրանոցային ծառայությունների, 70 միլիոնը՝ սննդի, 20 միլիոնն էլ այլ ծախսերի, նպաստների, հրատապ օգնություն տրամադրելուն են ուղղել:
Մինչեւ նոյեմբերի 1-ը պետության ֆինանսավորմամբ չոր սնունդ է ստացել 3445 քաղաքացի: Այժմ շարունակվում է հումանիտար օգնության՝ սննդի, հիգիենայի եւ կենցաղային պարագաների տրամադրումը՝ ըստ կարիքի գնահատման։
Միայն պետության աջակցությամբ, սակայն, տնից-տեղից զրկված հազարավոր քաղաքացիներին լիարժեք օգնելը հազիվ թե ստացվեր, եթե օգնության ձեռք չմեկնեին մեր խնդիրներով մտահոգ երկրները. մեծածավալ հումանիտար օգնություն է ստացվել Ռումինիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Լիտվայից, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից: Հումանիտար օգնությունները բազմազան ու խիստ կարեւոր էին արցախցիների համար. սնունդ, ծալովի եւ դաշտային մահճակալներ, անկողնային պարագաներ, քնապարկեր, հիգիենայի փաթեթներ եւ այլ ապրանքներ: Բաշխումը շարունակվում է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։