Հայաստանն իր դասը քաղեց Ղարաբաղյան պատերազմով: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության միջոցառմանն իր ելույթում:
Էրդողանը նշել է, որ հիմա Իսրայելի պաշտոնյաները նույն մոլորություններն ունեն։ «Չպետք է անհանգստանալ, դրանք նույնպես կավարտվեն հիասթափությամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահն ու հավելել, որ Իսրայելն առհասարակ դարձել է ահաբեկչական պետություն։
Դեռ նոյեմբերի սկզբին ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում դաղստանցի հայտնի քաղաքագետ Ռուսլան Կուրբանովն էլ հայտարարել էր, որ Իսրայելը նույն ծուղակն ընկավ, ինչ հայկական կողմը Ղարաբաղում: Նա նշել էր, որ հայերը չափից դուրս շատ հողեր էին գրավել: Նրանց առաջարկում էին՝ «հանձնե՛ք օկուպացրած 7 շրջանները»:
Կուրբանովը նշել էր, որ հայկական կողմին նույն առաջարկն էր անում նաեւ ՌԴ նախկին արտգործնախարար եւ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը: «Պրիմակովն ասում էր՝ քանի ուշ չէ, լեզո՛ւ գտեք Ադրբեջանի հետ: Բայց Հայաստանի բանակցելու անկարողությունն աշխուժացրեց թյուրքական ազգայնականությանն ամբողջ աշխարհում եւ սկիզբ դրեց Թուրանի ստեղծմանը Ռուսաստանի սահմաններին»,- հայտարարել էր դաղստանցի քաղաքագետը: