Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը հայտարարել է, որ Freedom House-ը խորապես մտահոգված է վերջին զինված հակամարտության հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված եւ ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի եւ բռնության, այդ թվում` խոշտանգումների մասին ստացված հաղորդագրություններով։
Freedom House-ը Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրություններին ի պատասխան տարածած իր հայտարարությունում Ադրբեջանի իշխանություններին հորդորել է սերտորեն աջակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերին` հետաքննելու համար հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը` անկախ նրանց կարգավիճակից, եւ ապահովելու, որ դեռեւս անազատության մեջ գտնվող անձինք ունենան միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերով ամրագրված բոլոր պաշտպանությունները՝ ներառյալ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունը, ինչպես նաեւ տրամադրելու նրանց հայրենադարձության վերաբերյալ տվյալներ:
«Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ եւ տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունն ապահովելու համար»,- շեշտում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։
Freedom House-ը նշել է, որ հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի հայտարարության պայմանները երկու կողմերին էլ պարտավորեցնում էին վերադարձնել ձերբակալվածներին, սակայն Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց պահելու մեջ:
«Հայ ձերբակալվածները ադրբեջանական գերության մեջ ենթարկվել են բռնությունների եւ նվաստացնող վերաբերմունքի՝ համաձայն սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրությունների, որոնք մարտին նախնական ստուգել է Human Rights Watch-ը»,- ընդգծել է իրավապաշտպան կազմակերպությունը։
Freedom House-ը նշել է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանում պահվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար:
«Մարտի սկզբին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել է միջանկյալ միջոցներ, որոնք ուղղված են անհատին հետագա ֆիզիկական վնասներից պաշտպանելուն, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է: ՄԻԵԴ-ը նաեւ դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ պահանջելով տրամադրել ձերբակալվածների վերաբերյալ բժշկական տեղեկություններ, տեղեկություն նրանց պահման պայմանների եւ նրանց նախատեսվող հայրենադարձության մասին»,- ասված է հայտարարության մեջ։