BBC News-ը ներողություն է խնդրել եթեր հեռարձակված վրիպակի համար, որը կարող էր որակվել իբրեւ ապատեղեկատվություն: Պարզվում է, որ երբ BBC հեռուստաընկերությունը նոյեմբերի 15-ին նախնական տեղեկություններ էր հաղորդում Գազայի գլխավոր հիվանդանոց իսրայելական ուժերի ներխուժման մասին, հաղորդավարը հայտնել է, որ հիվանդանոցում թիրախ են դարձել բժշկական խմբերը եւ արաբերեն խոսողները:
Ըստ BBC News-ի պարզաբանման՝ դա Reuters գործակալության հաղորդագրությունից սխալ մեջբերված զեկույց էր: Իրականում անհրաժեշտ էր հաղորդել, որ հիվանդանոցում ձեռնարկված գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի կազմում ընդգրկված են եղել բժշկական խմբեր եւ արաբախոսներ։
«Ներողություն ենք խնդրում այս վրիպակի համար, որը չի համապատասխանում մեր սովորական խմբագրական չափանիշներին»,- հայտնել են հեռուստաալիքից։ BBC News-ը նշել է, որ Գազայի գլխավոր հիվանդանոցում իրադարձությունների ճիշտ տարբերակը կցուցադրվի մի քանի րոպե անց: