ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 15-ի ճեպազրույցում արձագանքել է հայկական լրատվամիջոցների այն հրապարակումներին, ըստ որոնց Մոսկվան Երեւանի վրա ճնշում է գործադրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման առումով եւ անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Զախարովան իր նախորդ ճեպազրույցում հայտնել էր, որ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է վերահսկեն Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն, ի պատասխան, նույն օրը՝ նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը երբեւէ որեւէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որեւէ սահմանափակման, եւ իր սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նոյեմբերի 15-ին անդրադրաձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի մոտեցումներին: Նա մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում ձանձրացել են այդ զրպարտություններից: «Մենք «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չենք գործածում տարածաշրջանի այս հատվածի վերաբերյալ, խոսում ենք Հայաստանի Սյունիքի մարզով անցնող՝ Ադրբեջանից դեպի Նախիջեւան երթուղու մասին»,-ընդգծել է ռուս դիվանագետը։ Զախարովան կրկնել է, որ, ըստ պայմանավորվածությունների, Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջեւան տանող ճանապարհը հսկելու է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Փաշինյանն ու նրա արեւմտյան գործընկերները խաթարում են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ Զախարովայի՝ Հայաստանը, գործելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հուշումներով, չափազանց մեծ ռիկսի է դիմում, որի հետեւանքով երկիրը կարող է անջատվել տարածաշրջանային հաղորդակցության հետագա կոնֆիգուրացիայից: Դիվանագետը նշել է, որ Մոսկվայում չեն պատկերացնում՝ ինչ նկատի ունեն Երեւանում, երբ օգտագործում են «ճնշում» բառը։ «Ո՞վ է ճնշում, ո՞ւմ վրա, ես չեմ կարողանում հասկանալ, հնարավոր է, որ նրանք ինչ-որ փաստեր ունեն, ուրեմն թող տրամադրեն»,- ասել է Զախարովան։ Ըստ նրա` Մոսկվան հանդես է գալիս ոչ թե ինչ-որ մի երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին, եւ որ դա տեղի ունենա փոխշահավետ պայմաններով:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ հենց այդպիսի աշխատանք է տարվում ի շահ Հայաստանի, Ադրբեջանի եւ նրանց հարեւանների՝ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Զախարովան ընդգծել է, որ Երեւանում դրա մասին շատ լավ գիտեն, եւ աշխատանքային խմբի գործունեությունը երբեք դժգոհություններ չի առաջացրել: