ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ռիսկի դիմելու հանուն խաղաղության: «Հարցն այն է՝ արդյոք պատրաստ է նույն կերպ վարվելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը»,- ասել է ամերիկացի դիվանագետը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ ամերիկյան վարչակազմի համոզմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ համաձայնության գալը հիմա կախված է Բաքվից։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ հայտնել է նաեւ, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական եւ այլ օգնության տրամադրումը Բաքվին:
Ըստ դիվանագետի՝ Միացյալ Նահանգները Բաքվին հստակ զգուշացրել է, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ ԱՄՆ-ը նորմալ հարաբերություններ չի ունենա, քանի դեռ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել: Օ’Բրայենը հավելել է, որ ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի դեմ ուժի կիրառումը եւս անընդունելի է: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Բաքուն Վաշինգտոնին հավաստիացրել է, որ իրենք ՀՀ-ի դեմ հարձակվելու մտադրություն չունեն։ «Մենք էլ ուշիուշով հետեւում ենք ադրբեջանական զորքերի տեղաշարժին եւ ցանկացած նշանի, որ նրանք կարող են այլ ծրագրեր ունենալ»,- ընդգծել է Օ’Բրայենը։