ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այս գիշեր Հայաստան է հասել Sputnik-V պատվաստանյութի՝ 14 հազար դեղաչափից բաղկացած երկրորդ խմբաքանակը:
ԱՆ-ն նշել է, որ պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին, եւ ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները:
Կորոնավիրուսի համավարակի վերահսկման նպատակով պատվաստումների գործընթացը եւ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ներկրումը շարունակվում են։
Հիշեցնենք` ռուսական Sputnik-V պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան էր բերվել ապրիլի 8-ին։
Sputnik-V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց`18-54 տարեկան բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների եւ աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում` կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ եւ կիրակի սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10։00-16։00-ը:
Միաժամանակ գործում են նաեւ շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երեւանում Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն մոլ» եւ «Մեգամոլ» առեւտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց, Վանաձորի Հայքի հրապարակներում, Դիլիջանի քաղաքապետարանի հարեւանությամբ:
Կարող են պատվաստվել նաեւ Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումները կամավոր են եւ անվճար բոլորի համար: