Ընդունված կարծիք կա, որ տաքսու վարորդները հասարակական մտածողության ցուցիչն են։ Դա մի քիչ հնացած տեսակետ է, որովհետեւ «դասական» տաքսու վարորդներ հիմա հազվադեպ են հանդիպում։
Համացանցային ծառայությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում տաքսիստ են դարձրել ամենատարբեր մասնագիտությունների, տարիքի ու սեռի մարդկանց, որոնք, օրվա մեջ մի քանի ժամ գտնելով, միացնում են այս կամ այն ընկերության App-ն ու դառնում ուղեւորատար ծառայություն մատուցող՝ աշխատելով ընտանիքի հանապազօրյա ծախսի համար անհրաժեշտ նվազագույնը։
Հասարակական կարծիքը շոշափելու համար անհրաժեշտ ընտրանքը մեծ է. մեկը երաժիշտ է, մյուսը՝ ճարտարապետ, մեկն արտերկրից նոր է եկել, մյուսը պատրաստվում է գնալու, մեկն առաջ էլ տաքսի է վարել, բայց հիմա համատեղում է ձեռնարկատիրական գործունեության հետ եւ այսպես շարունակ։
Այս առումով նրանց հետ ուղեւորության ընթացքում զրուցելը, կարելի է ասել, ավելի օգտակար է, քան «քյոհնա» տաքսիստների, որոնք հարցերին նայում են ոչ թե ուրույն գիտելիքի ու խոհականության միջով, այլ սեփական մեքենայի պատուհանի շրջանակից։
Այսուհանդերձ, հենվելով ընթացքում ու խցանումներում արված զրույցների վրա, առավել հիմնավորված կարելի է պնդել, որ հակառուսականությունը (Ռուսաստանի եւ նրա քաղաքական վերնախավի դեմ) այլեւս կայացած մտայնություն է։
Ոմանք մերկապարանոց հայտարարություններով, ոմանք հիմնավորված դատողություններով պնդում են, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Ռուսաստանն է, եւ որ այդ երկրի հետ Հայաստանը գնալու ճանապարհ չունի։
Միաժամանակ, սակայն, երբ հարցը հասնում է, ասենք, ռուս-ուկրաինական պատերազմին, նույն մարդիկ (պայմանականորեն կոչենք՝ ակամա ռեսպոնդենտներ) կարծում են, որ դրա պատճառն Արեւմուտքն է, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, որն ամեն տեղ խառնակություն է սերմանում։ «Նույն ժողովուրդն են, չէի՞ն կարող նորմալ, հանգիստ ապրել»,- ասում են։
Եթե կարճ ամփոփեմ, ստացվում է, որ մեր դեպքում ռուսները դավաճան են, Ուկրաինայի դեպքում՝ իրավացի։ Իսկ ինչո՞ւ է այսպես ստացվում։ Որովհետեւ ռուսների դավաճանությունը մեր հավաքական հասարակական միտքը բացատրում է ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով (օբյեկտիվով բացատրելու դեպքում գուցե ամենեւին էլ դավաճանական չթվա), այլ տասնամյակներ (գուցե հարյուրամյակներ) Ռուսաստանի «օրհնված ոտ»-ին վերագրված ապահովության զգացումով։
«Ակամա ռեսպոնդենտներ»-ի նախնիները՝ «քյոհնա տաքսիստները», ոչ հեռավոր անցյալում պնդում էին, որ «առանց ռուսի թուրքը մեզ կուտի», որ «պատերազմ չի լինի, քանի ռուսը մեր գլխին ա», որ «սրանց սաղին (տեղական իշխաններին) պետք ա ռադ անել, մտնել Ռուսաստան» ու նման բաներ։
Մեծ հիասթափությունից էլ առաջացել է մեծ դատարկը։
Ռուսաստանի վարքը դեկլարատիվ կամ հիմնավոր քննադատողները չեն ասում, օրինակ, որ «առանց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի թուրքը մեզ կուտի», որ «պատերազմ չի լինի, քանի որ Ֆրանսիան մեզ զենք է տալիս», որ իշխանությանն ու ընդդիմությանը պետք է «ռադ անել ու մտնել Եվրամիություն»։ Ես, համենայնդեպս, նման բան չեմ լսել։
Եվ դա նշանակում է, որ չնայած իշխանական վերնախավում առկա արեւմտամետ տրամադրություններին՝ հայ հասարակությունը չի ձգտում դեպի Արեւմուտք։
Ինչո՞ւ։ Որովհետեւ մի բանից հրաժարվելիս, մի այլ բան ընտրելիս պետք է գտնել տարբերությունը։ Կենցաղային մակարդակում մարդը շատ լավ է անում դա։ Եթե խնձորի կեղեւը խփված է, դնում է մի կողմ, վերցնում առողջը։
Հիմա ասում ենք՝ ռուսները մեզ դավաճանել են։ Իսկ ի՞նչ են արել ֆրանսիացիները (նախորդ դարասկզբին) կամ ի՞նչ կանեին ամերիկացիները, եթե 2020-2023 թվականներին իրենք լինեին Արցախում եւ… Արցախի ու Հայաստանի ղեկավարությունն էլ լիներ նույնը։
Ռուսները մեզ դավաճանել են, որ չդավաճանեն գերտերության իրենց շահերին։ Ամերիկացիները մեզ դավաճանելու էին, որ դավաճանած չլինեին գերտերության իրենց շահերին։
Թուրքիայի շահը, պարզվում է, մեզ համար ամենաընկալելին ու հստակն է, որովհետեւ նրանից, վատից բացի, ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չենք ունեցել ու չունենք։
Ռուսներին հավեսով քլնգող «ակամա ռեսպոնդենտներին» միշտ հարցնում եմ՝ ռուսը գնաց, ո՞վ պիտի գա նրա տեղը։ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի գալու մասին երբեք հաստատական պատասխան չեմ լսում, երբեք չեն ասում՝ ռուսական ռազմաբազայի փոխարեն կտեղակայվի ֆրանսիականը կամ ամերիկյանը։
Գիտակցո՞ւմ են, որ դա անհնար է, թե՞ պատմականորեն ձեւավորված մտայնություն կա, որ այս կողմերում ռուսն է եղել ու դեռ երկար է լինելու։
Առավել աշխույժ «ակամա ռեսպոնդենտներն» ասում են՝ ռուսը թող գնա, մեզ ոչ ոք պետք չէ, մենք ենք լինելու մեր գլխի տերը։ Զմայլանքի արժանի խրոխտ ձեւակերպում, որը, սակայն, շատ հարցերի պատասխան տալու փոխարեն նոր, առավել անլուծելի հարցեր է առաջացնում։
Առնվազն քսան-քսանհինգ տարի մենք (պետություն, ժողովուրդ, անհատ) մեր գլխի տերը լինելու փորձ անգամ չենք արել, մեր գլուխն ինքնուրույն պահելու հավակնություն չենք ունեցել, եւ դրանից է, որ աշխարհը մեր աչքում բաժանվել է երկու մասի՝ դավաճանելու ունակ բարեկամների ու դեռեւս չդավաճանած հնարավոր դաշնակիցների։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։