Երեւանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ին՝ 9։40-ի շրջանում, ՆԳ նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Նշվել է, որ հրդեհը կապ չունի քիմիական նյութերի հետ։ Նախնական վարկածով` ԵՊՀ–ում պայթյունը եւ հրդեհը եղել են հոսանքի տատանումից։
Պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, երեք տուժաժ հոսպիտալացվել է: Պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից: Ցուցաբերվում են անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները:
Համալսարանից ավելի ուշ տեղեկացրել են՝ «Ներկա դրությամբ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ»։ ԵՊՀ-ի մամուլի խոսնակը հավելել է, որ ավելի ուշ հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ։
Ավելի ուշ ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ԵՊՀ-ի նկուղում, որը քիմիական նյութերի հետ առնչություն չունի, կանաչապատման աշխատակիցների, բանվորների համար որպես հանդերձարան է ծառայել:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ԵՊՀ–ի 1-ին մասնաշենքի նկուղային հարկում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետեւանքով տուժած 3 անձանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա վերակենդանացման բաժանմունքում է: «Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ: