Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում իր պաշտոնակից արքայազն Ֆայսալ բին Ֆարհանի հետ քննարկել է Անկարայի եւ Էր-Ռիյադի հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
Երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը սկսվել էր 2018-ի աշնանը՝ Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի (Խաշոգջի) սպանությունից հետո։ Բացի դրանից՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները քննադատում էին Անկարային՝ Էր-Ռիյադի հետ հակամարտության մեջ գտնվող Քաթարին աջակցելու համար։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ինքն ու արքայազն Ֆայսալ բին Ֆարհանը շատ բաց երկխոսություն են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների շրջանակում ձեռնարկելիք հնարավոր քայլերը, եւ անդրադարձել մի շարք խնդրահարույց թեմաների ու դրանց լուծման ուղիներին։
Չավուշօղլուն սաուդցի իր պաշտոնակցին առաջարկել է բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Թուրքիայում։
Ավելի վաղ Սաուդիան Արաբիան փակել էր երկրում թուրքական դպրոցներն ու իր քաղաքացիներին հորդորել չայցելել Թուրքիա։