Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Աբու Ուբայդան «Ալ-Աքսա» հեռուստաալիքի եթերում ապստամբության է կոչել Իսրայելի արաբ քաղաքացիներին:
«Ալ Քասամի բրիգադները (ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը) արդեն մոտ են ձեզ, նրանք հայրենիքի քարտեզը նկարում են իրենց հրթիռներով եւ մեր ու ձեր թշնամու դեմ իրենց դիմադրությամբ»,- ասել է Ուբայդան:
Մայիսի 12-ի առավոտյան ընդհարումներ են եղել Իսրայելի հրեա-արաբական մի շարք քաղաքներում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվին մերձակա Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել մայիսի 11-ին արաբների կողմից սինագոգը հրկիզելուց հետո:
Լոդի քաղաքագլուխ Յաիր Ռեւիվոն հայտարարել է, որ կորցրել են վերահսկողությունը քաղաքի նկատմամբ: Անվտանգության ծառայության աշխատակիցները քաղաք են ուղարկել սահմանային ոստիկանության 16 վաշտ: Լոդում գիշերվա ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ:
ՀԱՄԱՍ շարժման զինյալները շարունակում են Իսրայելի բնակավայրերի ինտենսիվ հրթիռակոծությունները: Մայիսի 10-ից ի վեր ՀԱՄԱՍ-ն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 800 հրթիռ:
Իսրայելա-պաղեստինյան այս հակամարտության սկզբից ի վեր, ըստ պաղեստինյան կողմի, զոհվել է ավելի քան 30 պաղեստինցի, որոնցից 10 երեխաներ են: Իսրայելը հայտնում է իր կողմի 10 զոհի մասին: