Սեպտեմբերի 19-ին գյուղ՝ մոտիկ բարեկամիս էի զանգել: Գիտեի, որ լարված իրավիճակ է, կապն՝ անկանոն: Ասաց, որ աշխարհազորի մի խումբ իջել է Խաչենի կամրջի դիրքեր, շուտով ինքն էլ կգնա: Վերջ:
Այդ օրն ինչքան փորձեցի, ոչ ոք կապի մեջ չէր: Բայց չարագույժ լուրը տեղ հասնելու մի ձեւ գտնում է: Հաջորդ առավոտյան իմացա, որ գյուղի տղաներից զոհեր ու անհայտ կորածներ ունենք: Ասացին, որ Վալերիկն էլ չկա: Նա առաջին պատերազմի մասնակից էր, չորս երեխայի հայր: Ավագ որդուն տվել էր 1993 թվականի հունվարի 7-ին Մատաղիսի մոտ զոհված եղբոր անունը: Հունվարից ապրիլ հայրը գումարտակի զորանոցում էր, մինչեւ տարածքն ազատագրվեց, ինքը գտավ զավակի աճյունը:
Վալերիկը հուղարկավորվել է Ստեփանակերտի զինվորական հուշահամալիրում: Հայրը, մայրը, կինը եւ չորս զավակները մի քանի օր հետո բռնատեղահանվել են, ապրում են Եղվարդում: Այսօր լսեցի, որ հայրը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, ուրիշ բախտակիցների հետ ուղեւորվել է Ստեփանակերտ:
Գնացել է որդու աճյունը Հայաստան տեղափոխի: Նա կյանքի իններորդ տասնամյակը կլրացնի հաջորդ տարի: Առաջին պատերազմում զոհվել է նաեւ եղբոր որդին: Նրանք հանգչում են գյուղի հուշահամալիրում: Հազարավոր զոհվածներ ամփոփված են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որ շիրմաքարերի «անտառ» է:
Սեպտեմբերի 19-ի զոհերի աճյունները, տա Աստված, տեղափոխվեն Հայաստան, ամփոփվեն այն հողում, որտեղ ապաստանել են նրանց ծնողները, այրիները, երեխաները: Իսկ մյուսների շիրիմնե՞րը:
Ես հույս ունեի, որ մեր սերունդն այնքան ողջամիտ կգտնվի, որ առաջին պատերազմի զոհերի զավակներին կփրկի արհավիրքից, պատերազմ թույլ չի տա: Մենք ապիկար գտնվեցինք, եղավ քառասունչորսօրյա աղետը:
Վերջին հույսն այն է, որ Արցախի իշխանությունները, հանրությունն ինքը ամեն ինչ կանի, որպեսզի առաջին եւ քառասունչորսօրյա պատերազմի զոհերի շիրիմները մնան հայկական հոգածության ներքո: Հուսախաբ եղա:
Եվ ահռելի ողբերգության հանդեպ այս լռությունը թվում է մեղսակցություն: Չէ՞ որ նոյեմբերի 9-ից հետո բանական մարդու համար պարզ էր, որ Արցախի քաղաքական հարց այլեւս չկա, օրակարգից հանված է, որ միակ կարմիր գիծն Արցախի հայաթափման կանխումն է:
Ի՞նչ ունեցանք՝ ապագա պատմաբանի թեմա է: Բայց որպեսզի նա էլ չտրվի գայթակղությունների, մենք պարտավոր ենք այսօր փաստագրել սեպտեմբերյան մի քանի օրերի մարդկային պատմությունները: Անհատ առ անհատ, բնակավայր առ բնակավայր՝ ում հետ, որտեղ, ինչ է կատարվել, մինչեւ կանցնեին Հակարիի կամուրրջը:
Ի՞նչ է փոխվելու դրանից, եթե աշնանային Երեւանի անձրեւը պատուհանին միայն ափսոսանքի բառեր է գլորում եւ ուրիշ ոչինչ: Չգիտեմ: Բայց այնպես է թվում, որ եթե հարյուր տարի առաջ մեկը նախաձեռներ եւ հավաքեր Վան-Վասպուրականից գաղթածների անհատական վկայությունները, մենք պատմության առարկայական դասը կսերտեինք, ոչ թե գեղարվեստականացրածը, ողբապաթոսայինը:
Գրեթե մեկ տարի Արցախը քվազիհայրենասիրական քարոզչության պատանդն էր: Զարհուրելի է, բայց՝ փաստ. իշխում էր մտայնություն, որ ավելի լավ է Ավարայրի օրինակով մի հերոսական ճակատամարտ տալ, զոհվել, քան հրաժարվել Արցախի անկախության համար պայքարից:
Արտառոց է, բայց՝ իրողություն. մարդիկ մինչեւ վերջին օրը հավատացած էին, որ ռուս խաղաղապահները բռնատեղահանություն թույլ չեն տա: Այդ խելագարվելու օրերին լսեցի, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն իրենց մոտ ապաստանած մի քանի հազար մարդու կարգադրել է հեռանալ Ստեփանակերտ: Եվ միայն այդ ժամանակ են նրանք հասկացել, որ բոլորից լքված են:
Զարհուրելի է: Աճյունների հայրենադարձությունը՝ առավել եւս։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։