«Ջրի գինը» վավերագրական ֆիլմը լույս է սփռում Հայաստանի խորացող ջրային ճգնաժամի վրա: Տնտեսության տարբեր ոլորտներում ջրի աճող պահանջարկը, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված տեղումների զգալի նվազումը, տարածաշրջանային եւ անդրսահմանային ջրային ռեսուրսների մրցացկությունը նոր մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի ջրային անվտագության համար, որոնք էլ ավելի են սրվել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո:
Չնայած լայնորեն տարածված այն կարծիքին, որ ջուրն անսպառ է, փաստերը խոսում են հակառակի մասին։ Ֆիլմն այս խնդիրների եւ Հայաստանի ջրային պաշարների մեծածավալ կորուստների խորքային պատճառների, ինչպես նաեւ ապագային առչնվող հարցերի մասին է:
Անուշ Ղզրոյան, Գեղարքունիքի մարզի Սոթքի բնակիչ
2022 թվականի սեպտեմբերի 13-ն էր, գիշեր, 12:05 րոպեին սկսեցին մե՜ծ ռմբակոծություններ, մե՜ծ: Ստեղ զորամասը մոտ ա մեզի, ահավոր խփում էին գյուղին` երեք կողմից, Քյալբաջարի կողմից, էս կողմից, էն կողմից, մենք էլ տանը: Որ խփին, սկսին ավելի արագացնել, գիշեր էտ ժամին գյուղից դուրս եկանք, փոքր երեխա, հարսս հղի…
Սոթքում սարերից պիտի ջուրը բերեին, մտցնեին գյուղի ջրագիծ, որպեսզի ժողովուրդը խմելու ջուր ունենա: էն ա արդեն պատրաստ էր, պետք ա միացնեին, 20 թվականի պատերազմը որ ընգավ, ադրբեջանցիները նստեցին էդտեղ, ու մենք ջրի մեծ խնդիր ունեցանք, էտ ջուրն արդեն գյուղ չմտավ։ ժողովրդի մեջ տենց խոսակցություն կար, միգուցե դուշման ա էլի, ես իմ ջուրը թունավորում լինի, տես ինչքան խմող կա ջրից, մի բան լինի: Դրա համար ինձ թվում ա դա չմիացրեցին:
Նավթային պաշարներով հարուստ, բայց Քուռ-Արաքսի ավազանից զգալիորեն կախված Հարավային Կովկասի երեք պետություններից Ադրբեջանն ամենածանր վիճակում է, քանի որ աշխարհագրական առումով ցածրադիր երկիր է եւ բախվում է ջրի սակավության սուր խնդրին: Ադրբեջանի ջրային ռեսուրսների շուրջ 70-75%-ը ձեւավորվում է երկրի տարածքից դուրս, ինչը կախվածություն է առաջացնում հոսանքն ի վեր տեղակայված հարեւաններից: Ըստ փորձագետների`Ադրբեջանի մշակվող հողերի մոտ կեսն անապատացման եզրին է, եվ մինչեւ 2030 թվականը երկրի որոշ հատվածներում ոռոգման ջրի պահանջարկը կաճի շուրջ 16%-ով:
Ըստ Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի 2021 թվականի զեկույցի` կլիմայի փոփոխությունը, երաշտների հավանականության մեծացումը եւ տեղումների անկանխատեսելիությունը, հնարավոր զգալի եւ բացասական հետեւանքներ կունենան Ադրբեջանի գյուղատնտեսության, ոռոգման համակարգերի եւ ջրային ռեսուրսների անդրսահմանային մրցակցության վրա։
2020 թվականից հետո ստեղծված նոր անվտանգային իրողությունների պայմաններում` ջրի սակավության սուր խնդրին առերեսված Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Որոտան եւ Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշ տարածքները, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ։
Պարույր Աբրահամյան, Միջազգային անվտանգության փորձագետ
Վերջին`2020 թվականի պատերազմը, ինչպես նաեւ`Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, Սոթք-Խոզնավար եւ Սեւ լճի հատվածներում, արդեն իսկ թողել են իրենց բացասական ազդեցությունը եւ հետեւանքները Հայաստանի ջրային անվտանգության վրա: Մեր ջրային ռեսուրսների ընդհանուր պատկերի եւ ջրային աղբյուրների հասանելիության փոփոխությունների հետ փոխվել են նաեւ՝ տարածաշրջանի գյուղատնտեսական, տնտեսական, սոցիալական գործունեության կառուցվածքներն ու ձեւերը:
Արեւիկ Մանգասարյան, Սյունիքի մարզի Խոզնավարի բնակիչ
2021 թվականի մայիս ամսին ազերիների մուտք գործելը Սեւ լճի տարածք ահագին խնդիրներ առաջացրեց մեր գյուղի համար: Ոռոգման ջուրը բաց էր թողնվում Սեւ լճի տարածքից եւ դեպի Միրիկ գնացող ճանապարհի վրա երկու փոքրիկ լճակներ կան, էդ լճակներից էր ջուրը գալիս: Էդ ջրային պաշարները հիմա կտրվել են, չկան: 2021 թվականի մայիսի 12 ից հետո այլեւս մենք ջուր չենք ստանում էդտեղից։
Սեւակ Մկրտչյան, Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար
2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո մեր ջուրը մնացել է թշնամու վերահսկողության տակ, մինչ այդ մեր առօրյան էր, երբ ուզենայինք կարող էինք գնալ այդ հանդամասը։ Մեր ջուրը վթարվում էր գնում էինք, կապում, բերում։ 2022 թվականից առ այսօր մենք չենք կարողանում մոտենալ մեր խմելու ջրի Յոթ աղբյուր կոչվող էդ տեղամասին։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո` 2021-2023 թվականներին, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի ջրամատակարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման համար հատկացվել է շուրջ 2,35 մլրդ դրամ, իսկ ոռոգման համակարգերի կառուցման եւ նորոգման ծրագրերի համար` 2,3 միլիարդ դրամ։
2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող խմելու ջրի ամբարների եւ այլ ջրային աղբյուրների փոփոխությունների, դրանց ուսումնասիրման եւ անվտանգության վերաբերյալ Տարածքային Կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Ջրային կոմիտեն, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզպետարանները տեղեկատվություն չունեն։ ԱԱԾ-ում եւս Հայաստանի ջրային անվտանգության խնդիրների վերաբերյալ տրամադրման ենթակա տեղեկություններ առկա չեն։
Պարույր Աբրահամյան, Միջազգային անվտանգության փորձագետ
Ջրային համաշխարհային պատկերը, եւ այն ուղին, որով այսօր առաջ ենք շարժվում, ամենայն հավանականությամբ կհանգեցնի նոր՝ տեղային, տարածաշրջանային եւ միջազգային հակամարտությունների: Միջազգային հակամարտությունները ոչ միշտ են սկսվում, հասունանում ջրի խնդրի շուրջ: Պետությունները, որպես կանոն, պատերազմներ չեն սկսում ջրի համար, սովորաբար այլ` քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրներն են պատերազմների պատճառ հանդիսանում: Իսկ ջրի խնդիրը լարվածություն է մտցնում, էլ ավելի խորացնում ժողովուրդների, երկրների միջեւ առկա հակամարտությունները:
Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում արտադրության տեմպերը բերել է ջրի պահանջարկի մեծացման: Ըստ կանխատեսումների՝ 2025 թվականին Հայաստանի ջրային ռեսուրսների հաշվեկշիռը կլինի բացասական։ Կլիմայի փոփոխության ահագնացող պատկերը, ջրի աճող պահանջարկը, ջրային պաշարների անխնա շահագործումն ու զգալի կորուստները, ինչպես նաեւ անդրսահմանային ջրային ռեսուրսների մրցակցությունը եւ Հայաստանի ջրային անվտանգության նոր մարտահրավերները՝ ստիպում են մեզ վերանայել մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։
Նաիրա Ասլանյան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության հարմարվողականության հարցերով փորձագետ
Դեպի Սեւանա լիճ գետային հոսքը բավականին նվազել է: Ուսումնասիրությունների արդյունքում մենք բացահայտել ենք, որ կան գետեր, որտեղ հոսքը նվազել է մոտ 60-65 տոկոսով եւ դրանք Արգիճի եւ Ձկնագետի ավազաններն են։ Հարմարվողականության ազգային ծրագրի շրջանակներում իրականացվել է նաեւ Տավուշի, Գեղարքունիքի մարզում անավարտ չկառուցված նախագծված ջրամբարների, մոտ 15 ջրամբարների ուսումնասիրություն, պարզելու համար, թե որքանով հիմնավորված կլինի դրանց կառուցումը կլիմայի փոփոխության սցենարներով: Եվ արդյունքները ցույց են տալիս, որ այս երկու մարզերում առնվազն երեք ջրամբարներ նպատակահարմար չի լինի կառուցել, քանի որ կլիմայի փոոխության սցենարներով գետային հոսքը դեպի այդ ջրամբարներ էապես նվազելու է մինչեւ 80 տոկոսով։
Պարույր Աբրահամյան, Միջազգային անվտանգության փորձագետ
Մենք հիմիկվանից պիտի 20, 30, 40 տարի առաջ նայենք, հատկապես` հաշվի առնելով կլիմայի փոփոխության մարտահրավերները, Հայաստանի ժողովրդագրական ու տնտեսական կանխատեսումները:
Կարապետ Գազանճեան, Ամերիկյան համալսարանի դասախոս, ջրային ոլորտի փորձագետ
ժողովրդի լեզվով երբ որ խոսում են ջրի մասին, ասում են` ջրի գին է, այսինքն, էտ արդեն ձեզ ցույց կտա ժողովրդի մտքի մեջ ջրի արժեքն ինչքան ցածր է, գրեթե արժեք չունի: Այսպես մենք չենք կարող գոյատեւել, սա մեզ համար ազգային անվտանգության հարց է, ջուրը կարեւոր է ամեն կերպ՝ մեր խմելու համար, մեր սնունդի համար, կարեւոր է մեր առողջության համար, եւ կարեւոր է նաեւ մեր էկոնոմիկայի համար: Եւ եթե մենք այս շատ հարգելի ռեսուրսին արժեք չենք տվել, այդ ռեսուրսը այդպես օգտագործում ենք, առաջիկա տարիներին կարա ստեղծվի շատ մեծ պակաս եւ պետք է ունենանք հարցեր էս բոլոր ոլորտների մեջ: