ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar savunma ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարը Twitter-ի իր էջում գրել է, որ Instagram ու Facebook սոցիալական ցանցերն իրեն արգելափակել են հրեաներին դատապարտող գրառումների համար։
Սոցցանցերը դա հիմնավորել են նրանով, որ Բայրաքթարը ատելության խոսք է տարածում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բայրաքթարն իր գրառման մեջ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ բռնկված հրդեհի ժամանակ հին քաղաքի պարսպից դուրս հավաքված հրեաների երգ ու պարն անվանել էր ատելություն, գազանություն ու կոտորած:
«Թող գրողի ծոցը գնա ձեր «մտքի ազատություն» ու «մարդու իրավունքներ» հորջորջվող երեսպաշտությունը»,- հավելել էր Բայրաքթարը:
Նշենք, որ պաղեստինցի արաբների բախումներում Իսրայելի գործողությունները կոշտ հռետորաբանությամբ քննադատել են Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընդդիմադիր առաջնորդները: