Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան այցի ընթացքում, որը մեկնարկում է նոյեմբերի 20-ից, կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը:
Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երեւան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում անցկացված ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն առեւտրի, անվտանգության եւ օրենքի գերակայության ոլորտներում։
Թբիլիսիում նա կհաստատի Միացյալ Թագավորության աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության եւ ժողովրդի կամքին համահունչ:
Անդրադառնալով Ադրբեջանի թեմային՝ նախարար Դոքերթին նշել է, որ ՄԹ-ն շարունակում է իր աջակցությունը ականազերծման գործում այդ երկրին: Մասնավորապես, Լոնդոնը պայթուցիկ զինամթերքի ոչնչացման մասնագիտացված դասընթացներ կանցկացնի Բաքվում: Դրանք, նախարարի հավաստմամբ, անհրաժեշտ հմտություններ կապահովեն բարձր վտանգավորության միջավայրում աշխատելու համար։