Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է, որ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկի Հայաստանը։
«Դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է»,- շեշտել է Կլաարը։
ԵՄ-ն կիսում է բաց Հարավային Կովկասի տեսլականը
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Տոյվո Կլաարը հարցազրույցում նշել է, որ ԵՄ-ում բացարձակապես կիսում են բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային եւ ճանապարհային կապերը բաց են, եւ երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային Միության ժամանակաշրջանի վերջում եւ նույնիսկ ավելին։
«Ճանապարհային եւ երկաթուղային կապերը դեպի Թուրքիա եւ, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է, նույնպես պետք է բաց լինեն։ Խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, եւ կա առեւտուր, կան մարդիկ, որոնք ճանապարհորդում են տարբեր սահմաններով»,- ընդգծել է Կլաարը: