Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ արդեն իսկ շատ է խոսվել։ Կարծիքները բազմազան են ու բազմաբնույթ՝ գիտական ու հակագիտական, մեթոդաբանական ու հայրենասիրական, մանկավարժական ու ձեւապաշտական։
Մի խոսքով՝ ամեն ինչ կա, եւ դա ավելի քան օրինաչափ է, քանի որ հենց դասագիրքն էլ ինքնին այս բոլոր տարրերի քաոային համաձուլվածքն է։
Միգուցե տարօրինակ հնչի, բայց աղմուկի եւ ատելության խոսքի պայմաններում դասագիրքն ու դրա հեղինակը բավականին շահեկան իրավիճակում են հայտնվել։ Հակագիտական, հակամանկավարժական ու ռազմահայրենասիրական շիզոֆրենիան հնարավորություն է տալիս դիրքավորվելու որպես հալածյալ, որ իբր միֆերից եւ «ուռա-հայրենասիրությունից» զերծ իրական պատմություն է շարադրել։
Վերջապես մարտահրավեր է նետել նացիոնալիստական խավարին՝ փորձելով արմատախիլ անել դասագրքային բիզնեսի մաֆիան։ Այսինքն՝ դասագրքի քննադատների ճնշող մեծամասնությունն իրականում նպաստել են դրա լեգիտիմացմանը՝ մեխանիկորեն հավասարեցնելով ստալինիզմի կամ էլ ֆաշիզմի կողմից հետապնդված ու արգելված տեքստերի տրամաչափին։
Փաստորեն ռազմահայրենասիրական միֆը այլախոհական միֆ է ստեղծել։ Եվ այս պայմաններում Սմբատ Հովհաննիսյանն ավելի քան շահեկան դիրքում է, քանի որ այդ փակ ստրուկտուրայում գոյություն ունեն երկու միավորներ՝ ինքն ու հակագիտությունը։
Անհրաժեշտ է նկատել, որ արհեստական այս բաժանումն առաջին հերթին հրահրեց ու կյանքի կոչեց իշխանական պրոպագանդան։ Հանրային հեռուստաընկերությունն ու Պետրոս Ղազարյանն արդեն հասցրել են երեք անգամ հյուր կանչել Սմբատ Հովհաննիսյանին՝ խոսակցությունը կառուցելով գիտության եւ հակագիտության թվացյալ բախման համատեքստում։ Այդպես էլ չհասկացա, թե որ պահից սկսած Պետրոսի գլխին կարմիր խնձոր ընկավ, ու նա սկսեց կարեւորել գիտությունը։
Ահա հենց այս քարոզչական խառնաշփոթի, գիտության եւ հակագիտության, լուսավորության եւ խավարի կեղծ ու միֆական համատեքստում քողարկվում են իրական խնդիրները, մոռացության են մատնվում սովորողի շահերն ու ընդհանրապես «Պատմություն» առարկայի առանձնահատկությունները։
Ես Սմբատ Հովհաննիսյանի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ, քանի որ նա իմ դասախոսն է եղել։ Երբ նրան կանգնեցրել էին Սուրբ ինկվիզիցիայի դատարանի առաջ ու հավատաքննության էին ենթարկում, նույնիսկ առաջարկել եմ իմ աջակցությունը։ Բայց հանուն արդարության չեմ էլ կարող չարձանագրել, որ դասագիրքն այդ խառնիճաղանջ միջակություն է, որը ոչինչ չի տալու սովորողներին։
Եվ այստեղ խնդիրը Հովհաննիսյանի մասնագիտական որակների մեջ չէ, իրականում նա հրաշալի մասնագետ է, բայց ընդամենը մի հոգին այդքան կարճ ժամանակամիջոցում չէր կարող որակյալ տեքստ ստեղծել, որը կհամապատասխաներ մանակավարժության եւ պատմագիտության արդի մարտահրավերներին։
Նույնիսկ եթե փորձենք չնկատելու տալ դասագրքի պատմագիտական սխալներն ու անճշտությունները, միեւնույնն է, իրավիճակը չի շտկվում, տեքստի որակը չի բարձրանում, քանի որ դրա մեջ բացակայում է պատմության ժամանակը։
Ըստ էության՝ գործ ունենք միագիծ շարադրանքի հետ, որտեղ Հելլենիստական ժամանակաշրջանն ու միջնադարն իրարից չեն տարբերվում։ Առաջին հայացքից անկարեւոր, բայց իրականում պատմագիտության համար առանցքային այս խնդրի պատճառը հենց մեկ հեղինակի առկայությունն է։ Դասագիրքը դասագիրք է դառնում տվյալ գիտության իրարամերժ եւ հակոտնյա տեսակետների միջինացված ու հավասարակշռված ամբողջացման միջոցով։
Վիճելի եւ կասկածելի հիմնախնդիրները չպետք է տեղ գտնեն դասագրքում առանց գիտական ու մանկավարժական համապատասխան ֆիլտրման։ Իսկ այս բարդ աշխատանքը մեկ մարդու գործ չէ, եթե իհարկե դու Ֆերնան Բրոդելը չես։
ԿԳՍՄ նախարարն ու Սմբատ Հովհաննիսյանը պետք է հասկանան, որ եթե Աշոտ Մելքոնյանի, Արտակ Մովսիսյանի, Էդիկ Մինասյանի եւ Արամ Սիմոնյանի դասագրքերը վատն էին, ապա ամենեւին չի նշանակում որ «Մասնակցային դպրոցի» դասագիրքը լավն է։ Գիտությունը, կրթությունը եւ ընդհանրապես կյանքը չեն կարող կառուցվել պարզունակ այս հակադրության վրա։
Արտակ Մովսիսյանի՝ Արատտայի եւ Ուրարտուի մասին հակագիտական պնդումների այլընտրանքը Սմբատ Հովհաննիսյանի սխալ ու հակագիտական քարտեզները չեն։
Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթության բնօրրան դարձնելու ցնդաբանության այլընտրանքը լեռնաշխարհի հնագույն կազմավորումների մասին խառը, անհասկանալի, մինչեւ վերջ չպարզաբանված տվյալներ հաղորդելը չէ։
«Ծովից ծով» Հայաստանի իռացիոնալ առասպելի այլընտրանքը ազգաստեղծման, պետականաստեղծման առասպելների բացակայությունը չէ։
Չփորձելով խորանալ մանրամասների մեջ՝ ընթերցողներին առաջարկում եմ կարդալ գործընկերներիս՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի եւ հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի դիտարկումները հիմնախնդրի վերաբերյալ։ Մեծ հաշվով ավելացնելու բան էլ չկա, իսկ ես էլ հակված չեմ տառակերությամբ զբաղվելու եւ կարմիր գրիչով սխալներ առանձնացնելու։
Դասագիրք գրելը բարդագույն աշխատանք ու առաքելություն է։ Այդ գործը չի կարող կյանքի կոչվել մեկ մարդու կամ խմբի քմահաճույքով եւ նախասիրություններով։
Կարծում եմ, անհրաժեշտ է վերանայել Սմբատ Հովհաննիսյանի 7-րդ դասարանի դասագիրքը, ավելի շուտ այն հետ կանչել ու լծվել նոր դասագիրք ստեղծելու գործին։ Իսկ դրա համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ աշխատանքային թիմ, որտեղ գիտնականներն ու մանկավարժները կգործեն համատեղ, որտեղ կրթությունն ու գիտությունը փոխադարձաբար կլրացնեն մեկը մյուսին։
Անշուշտ անհրաժեշտ է դիտարկել նաեւ «Մասնակցային դպրոցի» փորձառությունը, քանի որ բոլոր անթույլատրելի սխալների կողքին այն նաեւ կարեւոր նորարարություններ է առաջ քաշել, մասնավորապես՝ դասագրքի գործնական մասը։
Եվ ամենակարեւորը՝ պայքարել միֆերի դեմ ամենեւին չի ենթադրում նաեւ արժեքների կազմաքանդում ու համահարթեցում։ «Փոքրիկ եւ անկարեւոր» մի նրբություն, որն այս իշխանություններն ու նրանց հաճախորդներն այդպես էլ չհասկացան։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։