Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ օրերս տեղեկություն էր տարածվել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է ԼՂ ճանապարհորդելու Ադրբեջանի առաջարկած երթուղին։
Տեղեկության մեջ նշվել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղ այցելելու հայտ է ներկայացրել եւ սկզբում համաձայնել է պաշտոնական Բաքվի առաջարկին, որ աշխատանքային խումբն Աղդամով մեկնի Ստեփանակերտ՝ փաստելու «հայկական օկուպացիայի ժամանակ ավերածությունները»։ Այնուհետեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է այս առաջարկը՝ ցանկություն հայտնելով գնալ միայն Ստեփանակերտ՝ այս քաղաքի հուշարձանների վիճակը գնահատելու համար։
Ադրբեջանական գործակալությունը գրում է, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ադրբեջանական կողմին տեղեկացրել է, որ «ազատագրված տարածքներում» ստուգելու են ընդամենը երկու հուշարձան, որից հետո անմիջապես գնալու են Ստեփանակերտ։ «Սրան դեմ էր Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմը նման պայմաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան անվանել է ոչ անկեղծ եւ ոչ թափանցիկ։ Եվ այսպես, Ադրբեջանը չի ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պայմանը»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Այսպիսով՝ Ադրբեջանը, որը 30 տարի խոչընդոտում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը Լեռնային Ղարաբաղ, շարունակում է նույն քաղաքականությունը։ Ադրբեջանական իշխանությունները կազմակերպությանը ընտրության առջեւ են կանգնեցրել՝ կա՛մ ադրբեջանական դիրքորոշման քարոզչություն, կա՛մ այցից հրաժարում։