ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նրան տեղեկացնելով Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին եւ ընդգծելով ադրբեջանական կողմից նման սադրանքի հրահրման անթույլատրելիությունը:
Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը եւ իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:
Նշենք, որ այսօր կեսօրին Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչները ահազանգել էին, որ Սյունիքի մարզում Սեւ լճի տարածքից ադրբեջանցիները անցել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3 կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր: ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Բանակցություններ են վարվում ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հորդորել է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող տեղեկություն, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին եւ ամբողջական տեղեկությունների տարածումը: ՄԻՊ-ի աշխատակազմն արձանագրել է նաեւ ՀՀ սահմանների հետ կապված խուճապ եւ լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից:
ՀՀ ԱԱԾ-ն իր հերթին պաշտոնապես տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով եւ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
ԱԱԾ-ն խստորեն զգուշացրել է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու եւ անհարկի լարվածություն հրահրելու գործելաոճից՝ ընդգծելով, որ դա կունենա «համապատասխան իրավական հետեւանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ»:
Թարմացում. Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ զրուցակիցները քննարկել են «իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաեւ կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»: