Մեզ թվում է, թե աշխարհի բոլոր ժողովուրդներն ու պետությունները, բոլոր գործիչները իրենց խնդիրները լուծելիս պարտադիր պետք է հաշվի առնեն հայերի շահերը։ Բոլորը պետք է պարեն մեր շուրջը, որովհետեւ մենք լավն ենք։ Կասկած չպետք է լինի որեւէ մեկի մեջ մեր անմեղության, մեր ազնվության, մեր կարեւորության վերաբերյալ։ Նրանք պետք է հասկանան՝ մեզ օգնելով, մեզ պաշտպանելով մեծ ու կարեւոր արժեքների են ծառայում։ Ովքեր այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում, վատն են։
Մահաթմա Գանդին, օրինակ, վատն է։ Նրա արձանը Հայաստանում չպետք է լինի, որովհետեւ նա, պարզվում է, հայերի պաշտպանությամբ հանդես չի եկել, հայերի տառապանքների կամ ունակությունների մասին ասույթ չունի, թուրքերին էլ չի սաստել։ Բայրոնը, հակառակը, աներեւակայելի լավն է։
44-օրյա պատերազմի ընթացքում մենք՝ կառավարության անդամներից մինչեւ ամենավերջին մուրացկան, Իսրայելի դեմ էինք, որովհետեւ նրանք Ադրբեջանին զինատեսակներ մատակարարելու պայմանագիր ունեին/ունեն ու մատակարարում էին։ Մեզ չէր էլ հուզում փաստը, որ ժամանակին՝ Ադրբեջանից առաջ, Իսրայելից նման պայմանագիր մեզ են առաջարկել ու մերժվել են։ Մերժման մասին հստակ հայտարարել է մեր այն օրերի պաշտպանության նախարարը՝ պատճառաբանելով, թե այդ զինատեսակները վատն են, իրենց չեն արդարացնում։
Որ դրանք գերժամանակակից են ու լավը, կասկածից դուրս է։ Պատերազմն էլ դա ապացուցեց։ Մերոնք երկու պատճառով կարող էին մերժել առաջարկված գործարքը․ առաջին՝ եթե Ռուսաստանը թույլ չտար, երկրորդ՝ որ շատ ավելի հավանական է, Իսրայելի հետ, ի տարբերություն Ռուսաստանի, откат-ով աշխատել հնարավոր չէր լինի։
Թե ինչու հանուն Հայաստանի Իսրայելը պետք է դադարեր/դադարի իր զինատեսակները վաճառել Ադրբեջանին, մեր կարծիքով ավելի քան տրամաբանական է՝ մենք լավն ենք, իսկ ադրբեջանցիները՝ վատը։ Իսրայելը սա պետք է հասկանա ու այս փաստով առաջնորդվի։
Նեղանում ենք Ռուսաստանից, որ Թուրքիայի հետ գործարքի գնալիս պահանջվող վճարումները Հայաստանի հաշվին է կատարում, ինչպես եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ապա՝ 1920-1921 թվականներին, ինչպես եղավ մեր օրերին՝ 2020-ի նոյեմբերին։ Բողոքում ու չենք ցանկանում հասկանալ, որ մենք ենք մտել Ռուսաստանի հետ նման հարաբերությունների մեջ ու տվել նրան այդ իրավունքը։ Ճիշտ եզրահանգումներ անելու փոխարեն, ռուսական կախվածությունից ազատվելու հաշվարկված քայլեր ձեռնարկելու փոխարեն էլ ավելի ենք ապավինում նրան՝ հույսով, թե հաջորդ անգամ քանիցս կրկնված սցենարը չի կրկնվելու։
Պատերազմի օրերին Ուկրաինայի նախագահը հանդիպել էր Էրդողանին, ու բնականաբար, Ուկրաինան ու ուկրաինացիները մեր թիրախում էին։ Որ Ուկրաինան Ռուսաստանի ագրեսիայի զոհ է, ունի Ղրիմի ու Դոնբասի խնդիրներ, մեզ չի հուզում։ Այդ խնդիրների ծագման ու ընթացքի պահին Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի կամ Թուրքիայի, Ուկրաինայի օգտին ոչ մի խոսք չի արտաբերել։ Չեզոք դիրքից անգամ հանդես չի եկել։ Հակառակը՝ ՄԱԿ-ում ու միջազգային այլ հարթակներում՝ Կամբոջայի, Բուրունդիի, Սուդանի ու նման մի քանի այլ երկրների շարքում, ռուսական թելադրանքին հլու, Ուկրաինայի շահերի դեմ է մշտապես քվեարկել։ Բայց Ուկրաինային պահանջներ ներկայացնելու իրավունք մեզ, այնուամենայնիվ, վերապահում ենք։
Առանց հասկանալու մեր կշիռն ու տեղն աշխարհում՝ երկրի վարչապետի մակարդակով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրներից երեքին (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք մեր հակամարտության ամենաառաջին տարիներից որպես միջնորդներ են հանդես եկել ու հսկայական գործ արել, մերժում ենք։ Աշխարհի ամենածանրակշիռ երեք երկրների տարիների համատեղ աշխատանքը բացասական ենք որակում։ Պահանջում ենք նրանցից ջնջել ամենն ու, խաղի մեր թելադրած կանոններն ընդունելով, սկսել նորից ու մեր կետից։ Չենք էլ պատկերացնում, թե նման կամակորությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ։
Իսկ հետեւանքը եղավ պատերազմը ու պատերազմի ողջ ընթացքում միջազգային հանրության որդեգրած կրավորական կեցվածքը մեր նկատմամբ։ Ըստ էության, Ադրբեջանին հնարավորություն տրվեց պատերազմով վերցնել այն, ինչ պետք է ստանար պայմանավորվածությունների արդյունքում։ Ադրբեջանն էլ, առիթից օգտվելով, ավելին տարավ։
Ահա այսպես՝ մեր շուրջը ծավալվող զարգացումների էության մեջ չխորանալով, այդ զարգացումներին համընթաց չլինելով, այլոց շահերը չտեսնելով, այլոց հոգսերին անմասն մնալով, մեզ հակադրելով բոլորին, մեր սնապարծությամբ, մեր մեծախոսությամբ, մեր բացառիկությամբ տարված, կորցնում ու կորցնում ենք։ Ու չի երեւում սրա վերջը։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։