2018-ի իշխանափոխությունից հետո Արցախի հարցի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը փոխվել է առնվազն հինգ անգամ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ից ու Շուշիի դեօկուպացիայի պահանջից հասնելով Հայաստան ադրբեջանցիների վերադարձի օրակարգայնացման։
Հայաստանի ղեկավարն առնվազն չորս անգամ հրապարակայնորեն արձանագրել է, թե ուշ է հասկացել, որ պետք էր վարվել այլ կերպ, քան վարվել է, ու եզրահանգել է, ինչպես ասել է մայիսի 5-ին «Ազատությանը» տված հարցազրույցում, որ «պետք է նախ իրականությունը հասկանալ»։
Հարցին՝ մի՞թե հասկանալը չպետք է նախորդի որոշումների կայացմանը, վարչապետը պատասխանել է՝ «այո… բայց կառավարությունը հանրության մաս է»։ Հայաստանի դիրքորոշումը, այսպիսով, ոչ թե կշռադատված ու հաշվարկված ծրագրի արտահայտություն է, այլ ուշ հասկանալու հերթական դրսեւորում։
Դրությունը բարդանում է ոչ այնքան նրանով, որ լավագույն ելքի գիտակցությունը գալիս է դրա անհասանելիությունից հետո միայն, այլ որ որդեգրվող նոր ուղղությամբ շարժվելուց որոշ ժամանակ անց պարզվում է, որ դարձյալ իրականությունը հասկանալու խնդիր կար։ Թերեւս դրա վերջին օրինակը «Հայաստան ադրբեջանցիների վերադարձի» թեմայի նախնական ընկալումն ու դրանից բխող դիրքորոշումն է։
Առնվազն մինչեւ հուլիս Հայաստանն այդ հարցի բարձրացումն ընկալել է զուտ որպես «ԼՂ հայության իրավունքների» հակակշիռ, եւ արդյունքում ներքաշվել է մի խոսակցության մեջ, որը որեւէ կերպ խաղաղ հեռանկար չի ուրվագծում։
Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Բաքվում հանդիպել է «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ ու կարեւորել «Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»:
Ավելի վաղ «Ամերիկայի ձայնը» հայտնել էր, որ մայիսին ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցել են հարաբերությունների կարգավորման մի փաստաթղթի շուրջ, որը ներառում է նաեւ «էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»։ Փոքրամասնությունների իրավունքների մասին խոսել էր նաեւ ՌԴ ԱԳ նախարարը։
Հուլիսի 25-ի ասուլիսում վարչապետ Փաշինյանին երկու անգամ ուղիղ հարց է տրվել, թե արդյոք բանակցությունների օրակարգում Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարց կա։ Վարչապետը հաստատել է, որ այդ թեման շոշափվել է, սակայն, ըստ նրա, դա օրակարգ է բերվել զուտ որպես հակակշիռ ԼՂ հայության իրավունքների հարցին։
Սրանից բխում է, որ Արցախի հայափաթումից հետո այն պետք է օրակարգից դուրս գար, ինչը տեղի չի ունենում։ Այսինքն՝ Հայաստանը սխալվել է «ադրբեջանցիների վերադարձի» մասին իր գնահատականներում. Ադրբեջանն այդ հարցը չի բարձրացրել զուտ որպես «հակակշիռ ԼՂ հայության իրավունքների հարցին»։
Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե «ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից… հայերի իրավունքների եւ անվտանգության թեմային»։ Նման զուգահեռ է տարել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, իսկ նոյեմբերի 10-ին Փարիզում Փաշինյանն արդեն կոնկրետ թիվ նշեց՝ 90-ականներից ի վեր Ադրբեջանից բռնի տեղահանվել է կես միլիոն հայ։
Ադրբեջանի պահանջներին նման ձեւով պատասխանելը թերեւս հուշում է, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է պատշաճ չգնահատել վտանգները։
Ադրբեջանը կարող է ուրախությամբ համաձայնել հայերի վերադարձին Բաքու, Սումգայիթ կամ Գյանջա, ինչպես այսօր Արցախ է հրավիրում այնտեղից տեղահանվածներին, եւ ակնկալել նույնպիսի քայլ Հայաստանի կողմից։
Ակնհայտ է, որ որեւէ հայ սեփական կամքով չի վերադառնալու Բաքու, անգամ Ստեփանակերտ, մինչդեռ Ադրբեջանը պահանջում է ադրբեջանցիներով բնակեցնել ՀՀ սահմանային շրջանները, հետագայում նրանց անվտանգության ապահովման ու ինքնավարության հեռանկարներով։
«Ադրբեջանցիների վերադարձի» թեման, ըստ այդմ, Հայաստանի քայքայմանն ուղղված լծակ է եւ ամենեւին համարժեք չէ Ադրբեջանի խորքերում կղզիացած վայրեր հայերի վերադարձի հարցին, ինչպես պնդում է Փաշինյանը։ Փաստացի Հայաստանը ներքաշվել է մի խոսակցության մեջ, որը, ըստ դրա մասին հուլիսին ունեցած պատկերացումների, պետք է որ այլեւս գոյություն չունենար։
Ժամանակին Ռոբերտ Քոչարյանի իշխանության հայեցակարգային մի սխալի արդյունքում Մեղրին բերվեց բանակցությունների օրակարգ, եւ գլխիվայր շուռ տրվեց հակամարտության էությունը։
Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» հարցը մեր պետության համար նմանօրինակ վտանգներ է պարունակում եւ այն Բաքու հայերի վերադարձի հարց բարձրացնելով ոչ միայն չի հակակշռվելու, այլեւ է՛լ ավելի վտանգավոր է դառնալու։
Ռաֆայել Թեյմուրազյան