Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնը նոյեմբերի 21-ին անվանակոչվել է մեր հայրենակից ամերիկահայ պատմաբան, 1981-1989 թվականներին Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Վարդան Գրիգորյանի անվամբ։
Վարդան Գրիգորյանը մեծապես նպաստել է գրադարանի վերականգնմանն ու վերածննդին։ Նրա ղեկավարությամբ ամերիկյան գրադարանը իբրեւ կրթական հաստատություն համաշխարհային ճանաչման է արժանացել։
Վարդան Գրիգորյանն իր վաստակն ունի նաեւ ՀՀ գրադարանային գործում։ 1990-ականներին նա ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ազգային, ՀՀ ԳԱԱ հիմնարար եւ ԵՊՀ գրադարաններին։ Վարդան Գրիգորյանի անունն է կրում Դիլիջանի միջազգային դպրոցի գրադարանը։
«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Վարդան Գրիգորյանը միջազգային ասպարեզում ամենաճանաչված հայ գրադարանավարն է։ Դասական իմաստով նա, իհարկե, գրադարանավար չէ։ Նա գրադարանային փիլիսոփա էր, գրադարանային նորարար գործիչ, որն իր մշտամնա հետքը թողեց ամերիկյան գրադարանագիտության մեջ»,- նշել է Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը։