Նիդերլանդներում արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով առաջատար է ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը (PVV)՝ իսլամի եւ ներգաղթի երկարամյա հակառակորդ Գերտ Վիլդերսի գլխավորությամբ։ Նա արդեն հավաքել է ձայների 35%-ը եւ կարող է ստանալ 36 մանդատ խորհրդարանում։ Ինքը՝ Վիլդերսը, հայտարարել է, որ իր նպատակը 150-տեղանոց խորհրդարանում 76 տեղ ունենալն է։ Եթե այս կանխատեսումներն արդարանան, ապա կուսակցությունն առաջինը կստանա երկրի նոր կառավարությունը ձեւավորելու իրավունք։
Սակայն դա անելու համար նրան անհրաժեշտ կլինի կոալիցիա կազմել, իսկ, ինչպես հայտնում են լրատվական մի շարք լրատվամիջոցներ, նիդերլանդական որոշ կուսակցություններ արդեն իսկ բացառել են Վիլդերսի հետ կառավարություն ստեղծելու հնարավորությունը։
«PVV-ին այլեւս չի կարելի անտեսել։ Մենք կառավարելու ենք երկիրը»,- ասել է Վիլդերսն իր կողմնակիցներին: Կուսակցության առաջնորդն իր նախընտրական ծրագրում կոչ է անում ԵՄ-ից դուրս գալու եւ փախստականների համար երկրի սահմանները փակելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Գերտ Վիլդերսն ընտրվելու դեպքում խոստացել է Նիդերլանդներում արգելել Ղուրանը, փակել մահմեդական դպրոցներն ու մզկիթները։