Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան եւ նրա կառավարության անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ ըստ պետական աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։ Այդ որոշումը պաշտոնապես ձեւակերպվել է կառավարության հերթական նիստից հետո անցկացված խորհրդակցությունում։
«Վարչապետի եւ նախարարների աշխատավարձերի բարձրացումը ժողովրդի շրջանում քննադատություն է առաջացրել: Ուստի հասարակության մեջ անվստահություն չառաջացնելու համար համաձայնեցրինք այդ գումարների վերադարձը»,- հայտնել է կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
Ճապոնիայի վարչապետի աշխատավարձն ամսական 3,3 միլիոն իենից (մոտ 22 հազար դոլար) փոքր-ինչ ավելի է, իսկ նախարարի աշխատավարձը հավասար է ամսական 2,45 միլիոն իենի (մոտ 16 հազար 300 դոլար):