44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ նիստին մասնակցած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է քննիչ հանձնաժողովի հարցերին: Քոչարյանը նշել է, որ 44-օրյա պատերազմը միայն ռազմական գործողությունների ժամանակահատվածը չէ, դրանց ավարտից հետո էլ եղել են իրադարձություններ, որոնք առնչվում են այդ պատերազմին եւ այն իրողություններին, որին ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի հայաթափման ժամանակ։
Քոչարյանը շեշտել է, որ Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում առավելագույն անկեղծ է եղել, բացատրություններ է տվել Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո իր ընդունած որոշումների վերաբերյալ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Շահրամանյանը պարզաբանել է, թե ինչ իրավիճակում է ստանձնել ԼՂ նախագահի պաշտոնը: Նիստի ժամանակ մանրամասն քննարկում է եղել նաեւ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի վերաբերյալ։
Քոչարյանը նշել է, որ երկուշաբթի հանձնաժողվին այցելելու ցանկություն է հայտնել ԼՂ ՊԲ Հադրութի դիվիզիայի հրամանատարը: Ըստ Քոչարյանի՝ ԼՂ Անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը եւս ցանկություն ունի քննիչ հանձնաժողով գալու:
Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3-ին, որից հետո ոչ ոքի իրենք իրավասու չեն հրավիրելու։ Սակայն արդեն հանձնաժողովի աշխատանքների զեկույցը հանրությանը հասանելի կլինի 2024 թվականի ընթացքում։