Ստամբուլի ծանր հանցագործությունների 32-րդ դատարանը դատական հայց է ներկայացրել գերմանական Die Welt թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի դեմ՝ Հայոց ցեղասպանության եւ քրդական հարցի վերաբերյալ համացանցում արած հրապարակումների համար:
Ըստ Ermenihaber լրատվական կայքի՝ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել եւ լրագրողի նկատմամբ հետաքննություն սկսելու համար համապատասխան թույլտվություն է պահանջել արդարադատության նախարարությունից:
Յուջելը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին հրապարակայնորեն նվաստացնելը: Լրագրողին 6 ամսից մինչեւ 2 տարի ազատազրկում է սպառնում:
Թուրքիայի եւ Գերմանիայի քաղաքացի 44-ամյա Դենիզ Յուջելը 1 տարի կալանավորված էր Թուրքիայում՝ առանց մեղադրական եզրակացության։ Նա ձերբակալվել էր 2017-ի փետրվարի 14-ին, երբ ներկայացել էր Ստամբուլի անվտանգության վարչություն՝ այլ դատավարության շրջանակում ցուցմունք տալու համար։ Յուջելի նկատմամբ իր հոդվածներով հանրության մեջ ատելություն եւ թշնամանք տարածելու եւ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեղադրանք առաջադրվեց։
2018 փետրվարի 16-ին թուրքական դատարանը որոշում ընդունեց մինչեւ վճռի հրապարակումն ազատ արձակել Յուջելին։ Լրագրողը վերադարձավ Գերմանիա։ Թուրքական դատախազությունը լրագրողի համար 18 տարի խիստ ռեժիմի ազատազրկում էր պահանջում։